Գյումրիում Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան կլանների միջև տեղի ունեցած աղմկահարույց բախումից հետո ապրիլի 30-ին Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելել էր Գյումրի: ՀՀ ոստիկանապետը ոստիկանության Գյումրիի բաժնում փակ խորհրդակցություն էր անցկացրել, որին ներկա են գտնվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանը, Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, ինչպես նաև ոստիկանության Շիրակի մարզային և Գյումրիի բաժնի պատասխանատուները: Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում զրուցել էր նաև լրագրողների հետ: Նա նշել էր, որ զոռբայությամբ ոչինչ չի լուծվի, ու ոստիկանությունն այլևս ոչինչ չի հանդուրժելու:
«Զանգում են պատգամավորներ, պաշտոնատար անձինք, որոնք ասում են «Էդ տղեքին մի տարեք-բերեք էլի, իրանք լավ տղեք են, բանավոր կասեն, բայց չգրեն էլի, մի տեսակ ամոթ ա։ Եվ իմ խոսքն ա եղել, հիմա դուք պատգամավոր եք, թե գողական, արա»,- ասել էր Վլադիմիր Գասպարյանը։ Վերջինս, անդրադառնալով Գյումրիի երկու կլաններին, ասել էր, նրանց համար արտագաղթ կկազմակերպի, եթե չդադարեցնեն ներկայիս գործելակերպը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Գյումրի կատարած անակնկալ այցին անդրադարձավ գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նա նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Գյումրիում, անպատժելիության մթնոլորտի հետևանք է: Նա գտնում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը պետք է դասեր քաղեր այն հանգամանքից, թե ինչի համար է Գյումրիում տարիներ շարունակ տանուլ տվել ընտրություններում:
«Ի՞նչ ենք հիմա տեսնում Գյումրիում: Տեսնում ենք, թե հանցագործություններն ինչ ուղղությամբ են տարվում, կամ ում են պատժում: Գյումրին փոքր քաղաք է, բոլորը շատ լավ գիտեն, թե այս մարդը կամ այն մարդը ով է, ով է եղել, ինչեր է արել, այնպես որ գործող իշխանությունները շատ մտածելու տեղ ունեն հաջորդ ընտրություններում գոնե 5 տոկոս ստանալու համար, քանի որ ներկայիս վիճակը խթանում է արտագաղթը»,- նշեց Գագիկ Համբարյանը: Վերջինս ասաց, որ խոսելը մեկ բան է, իսկ գործելն՝ այլ բան: Ըստ նրա՝ երբ գյումրեցին տեսնի, թե իրականում ինչ պատիժ կստանան բոլոր իրական հանցագործները, այն ժամանակ այդ բառերին կհավատա:
«Այն, ինչ ասաց Վլադիմիր Գասպարյանը, շատ-շատ լավ է, բայց խնդիրը հետևյալն է՝ այդ բառերից հետո քայլեր կձեռնարկվե՞ն, թե՞ ոչ: Հիմա գյումրեցին սպասում է համարժեք քայլերի»,- նշեց նա:







































