Անգլիայի Սալֆորդ քաղաքում դիմակավորված մի քանի տղամարդիկ հարձակվել են մեքենայի վրա, ինչի հետևանքով երկու բանտարկյալներ փախուստի են դիմել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 9-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 12:00-ին): Ականատեսների վկայությամբ՝ մուգ կանաչ գույնի մեքենան փակել է կալանավորների տեղափոխման համար նախատեսված ոստիկանական մեքենայի ճանապարհը, որից հետո դիմակավորված անձինք հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա, կոտրել ապակիները: Օգտվելով առիթից՝ երկու բանտարկյալներ փախել են: Թաքնվելու համար հանցագործները օգտագործել են մեքենան, այնուհետև լքել այն: Ոստիկաններն այդ մեքենան հայտնաբերել են դեպքի վայրից ոչ հեռու:
Ոստիկանությունը ենթադրում է, որ դա եղել է մանրամասն ծրագրված փախուստ: Հայտնի չէ, թե հարձակվողները քանիսն են եղել: Ականատեսների ներկայացրած տվյալները տարբերվում են, իսկ ոստիկանությունում մանրամասներ չեն ներկայացնում:











































