Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո չպետք է մեծ փոփոխություններ սպասել Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության բնագավառում, քանզի հունիսից հետո էլ Թուրքիան դուրս չի գա ընտրական գործընթացից. «Խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում կլինեն սահմանադրական բարեփոխումներ` կապված Թուրքիայում նախագահական համակարգի անցնելու հետ, նախագահական ինստիտուտն այնտեղ կուժեղանա, այնուհետև տեղի կունենան նաև նախագահական ընտրություններ, որին անպայման կմասնակցի Էրդողանը»:
Մելքոնյանը նշեց, որ հայ-թուրքական գործընթացում շեշտակի փոփոխություններ չեն գրանցվի. «Ինչ-որ քայլեր գուցե լինեն, բայց շոշափելի արդյունքներ այս պահի դրությամբ կանխատեսել չի կարելի»:
Թուրքագետը նշեց, որ սոցիոլոգիական բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:











































