Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությունը շարունակվում է, և դրա ամենամշուշոտ կողմը հայազգի Միշայի պատմությունն է: Ըստ տեղեկությունների՝ նա ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ է, որը մեղադրվում է Ցարնաևների ընտանիքի կողմից իրենց ավագ որդուն՝ Թամերլանին արմատականացնելու մեջ:
CNN-ի հետ հարցազրույցում Թամերլանի քեռին պատմել էր. «Դա սկսվեց 2009 թվականին, և սկսվեց հենց այնտեղ՝ Քեմբրիջում: Այդ մարդն ուղղակի տիրել էր նրա ուղեղին, ամբողջությամբ լվացել նրա ուղեղը»: Մեղադրանքները ստիպեցին քննիչներին փնտրել Միշային, որին ԶԼՄ-ներում անվանում են «Իսլամական Սվենգալի»: Օրերս Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ հայտնաբերել և զրուցել է Միշայի հետ:
The New York Review-ի լրագրողը հանդիպել է Միշայի հետ, որի իրական անունն է Միխայիլ Ալախվերդով: Միշային լրագրողը հայտնաբերել է Ռոդ Այլենդի նրա տանը, որտեղ նա ապրում է համեստ կենսակերպով՝ տարեց ծնողների հետ: Նա հաստատել է, որ կրոնափոխ է եղել և որ ճանաչել է Թամերլանին, սակայն հերքել է իր մասնակցությունը Բոսթոնի ահաբեկչությունը:
«Ես նրա ուսուցիչը չէի: Եթե ես նրա ուսուցիչը լինեի, ապա կփորձեի համոզվել, որ նա երբեք նման բան չի անի»,- ասել է Ալախվերդովը:
39-ամյա հայ-ուկրաինական ծագմամբ Ալախվերդովը միջին հասակի է, ունի կարմրավուն մորուք: Ծնողներից բացի, տանն է եղել նաև նրա ամերիկացի ընկերուհին:
Ալախվերդովը հայտնել է որ ճանաչել է Թամերլանին Բոսթոնում, որտեղ բնակվել է երեք տարի առաջ, որից հետո նրա հետ կապ չի ունեցել: Նա հրաժարվել է բնութագրել Թամերլանի և Ցարնաև ընտանիքի հետ իր ծանոթության բնույթը, սակայն ասել, որ երբեք չի հանդիպել նրա ընտանիքի անդամներին, որոնք իրեն մեղադրում են Թամերլանին արմատականացնելու մեջ: Նա նաև հաստատել է, որ հարցաքննվել է FBI-ի կողմից, և որ համագործակցում է քննության հետ:
Նա լրագրողին հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյին է տվել իր համակարգիչը, հեռախոսը և ամեն ինչ՝ ցույց տալու, որ ինքը որևէ բան չի արել: Գործակալները խոստացել են վերադարձնել իրերը և փակել նրա գործը: Պարբերականի թղթակիցը փաստում է, որ երկու տղաների միջև շփումը կայացել է ռուսերենով:
Պարբերականը գրում է, որ Միշայի հայրը քրիստոնյա հայ է, մայրը՝ էթնիկ ուկրաինացի: Ընտանիքը բնակվել է Բաքվում, սակայն նրանք 1990-ականների սկզբին գաղթել են ԱՄՆ: Միշայի հայրը լրագրողին ասել է, որ իրենք սիրում են այս երկիրը և երբեք չէին սպասի, որ նման բան կպատահի իրենց հետ:






































