Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Գրիշա Մարգարյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Գրիշան 2012 թվականի հունիսի 10-ին համացանցի «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով, ծածկագրելով իր իսկական անունը և հայտնելով կեղծ կենսագրական տվյալներ, ծանոթություն է հաստատել Արարատի մարզի գյուղերից մեկի անչափահաս բնակչուհի Զ.-ի հետ:
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Գրիշան ներկայացել է որպես Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչ Էդգար:
Շուրջ մեկ ամիս համացանցով, ինչպես նաև բջջային հեռախոսակապով նա շփվել է աղջկա հետ, խաբել նրան, իր մասին հայտնել իրականությունը խեղաթյուրող տվյալներ, սիրո խոստովանություն և ամուսնանալու առաջարկ է արել՝ լիովին գրավելով դեռահասի սիրտը:
Հուլիսի 11-ին Գրիշան դյուրահավատ աղջկան ներկայացրել է, իբր ոստիկանության հետ խնդիրներ ունի, որոնք անմիջապես չհարթելու դեպքում կբռնվի, իսկ հարթելու համար պահանջվում է 400 հազար դրամ: Խոստացել է, որ եթե աղջիկը ճարի ու իրեն հանձնի այդ գումարը, ինքը 3 օր հետո անպայման ամբողջությամբ կվերադարձնի այն:
Աղջիկը, հանուն սիրո վեհ գաղափարի, համաձայնել է օգնել «Էդգարին»:
Գրիշան աղջկա գյուղ է ուղարկել իր ծանոթ Բաբայանին ու նրա միջոցով աղջկանից ստացել պահանջած ամբողջ գումարը:
2 օր հետո Գրիշան աղջկան բողոքել է, թե ուղարկված գումարը չի բավականացրել, շտապ հարկավոր է ևս 160 հազար դրամ:
Մեկ անգամ արդեն Գրիշային «օգնության ձեռք մեկնած» աղջիկը այդ գումարն էլ է փոխանցել նրան:
Հափշտակած 560 հազար դրամից Գրիշան, ըստ մեղադրանքի, վերը հիշատակված Բաբայանի միջոցով երկու անգամ 20 հազարական դրամ է ուղարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռոման Բաղդասարյանի մորը, մնացած գումարը Նոր Խարբերդ գյուղում, Երևան ու Աշտարակ քաղաքներում բաժանել է քննությամբ չպարզված անձանց:
Շարունակելով խաբեությամբ անչափահաս աղջկանից գումարներ կորզել՝ Գրիշա Մարգարյանը 2012 թվականի օգոստոսի 30-ին հայտնել է, թե նրանից արդեն վերցրած 560 հազար դրամը վերադարձնելու համար իրեն անհրաժեշտ է ոսկի գրավադրել ու մաս-մաս պարտքը, հետագայում նաև ոսկին վերադարձնել: Շատ չէ՝ ընդամենը 226 հազար 868 դրամ արժողությամբ 10 գրամ ոսկի է ուզել Գրիշան իր ցանցն ընկած աղջկանից: Իր «փոստատար» Բաբայանի միջոցով էլ փորձել է աղջկանից ստանալ տասը գրամ քաշով ոսկե զարդերը:
Բաբայանը եկել է պայմանավորված վայրը՝ Վեդիի ՏԶԿ-ի վարչական շենքի դիմաց, մինչև անգամ մոտեցել է Զ.-ին, բայց վրա են հասել ոստիկանության աշխատակիցներն ու նրան հրավիրել ոստիկանության Արարատի բաժին: Այսպես, ըստ մեղադրանքի, Գրիշա Մարգարյանն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չի կարողացել ավարտին հասցնել անչափահաս աղջկանից գումարներ ու ոսկի հափշտակելու հանցավոր արարքը:
Նախաքննական մարմինը Գրիշա Մարգարյանին մեղադրանք է առաջադրել խաբեության եղանակով խոշոր չափի՝ 560 հազար դրամ և 226 հազար 868 դրամի 10 գրամ ոսկյա զարդեր հափշտակելու դիտավորության համար:










































