2010թ. խոշորագույն վճարային համակարգերը հրաժարվել էին գումարներ փոխանցել Ջուլիան Ասանժի WikiLeaks նախագծի հաշվին: Դրանից հետո ռեսուրսի գործունեության համար անհրաժեշտ բարեգործական գումարների հոսքը հավասարվեց զրոյի:
Իսլանդական DataCell ընկերությունը, որի միջոցով մինչև 2010թ. դեկտեմբերը փոխանցումներն իրականացվում էին WikiLeaks-ի հաշվին Mastercard ու VISA քարտերից, Valitor ընկերության միջոցով (VISA-ի իսլանդական ստորաբաժանումը) «բլոկադան» հաղթահարելու եղանակ էր գտել: Սակայն արդեն հաջորդ օրը Valitor-ը դադարեցրել էր համագործակցությունը DataCell-ի հետ՝ զրկելով WikiLeaks-ին նվիրատվություններ ստանալու հնարավորությունից:
DataCell-ն ու WikiLeaks-ն ի պատասխան դատի էին տվել Valitor-ին: Առաջին որոշումը կայացվել էր արդեն 1 տարի անց՝ 2012թ. հունիսին: Այն ժամանակ դատարանը վճռեց, որ Valitor-ն անօրինական կերպով է հրաժարվել գումարներ փոխանցել WikiLeaks-ի հաշվին, ու պարտավորեցրեց ընկերությանը վերականգնել համագործակցությունը DataCell-ի հետ: VISA-ի ներկայացուցիչները որոշումը բողոքարկել էին:
2013թ. ապրիլին Իսլանդիայի Գերագույն դատարանը համաձայնեց վերոնշյալ կառուցի հետ՝ Valitor-ին տվեցին 15 օր՝ վերսկսելու գումարների ընդունումը հօգուտ Ասանժի նախագծի: Հակառակ դեպքում ընկերությունը տուգանվելու է օրական շուրջ 6800 դոլարով:
Դատարանի որոշումը վերջնական է, ու Valitor-ը այն չի կարող բողոքարկել:
Ինչպես հայտարարել է Ջուլիան Ասանժը, դատական նման որոշումը «խոսքի ազատության հաղթանակ է»:









































