Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սիսթանին երկրի իշխանություններին կոչ է արել չհամակերպվել այլ պետությունների կողմից իր ինքնիշխանության խախտման հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այաթոլլան չի նշել՝ հատկապես որ երկրներին նկատի ունի: Միաժամանակ, վերջերս Իրաքի իշխանությունները մի շարք կտրուկ հայտարարություններ են արել՝ կապված երկրի հյուսիսում վերջերս թուրքական ռազմական ներկայության ընդլայնման հետ:
Դեկտեմբերի 4-ին Թուրքիան իր զինված ուժերի խումբը՝ ներառյալ մոտ 130 զինծառայող, տանկեր և հրետանի, տեղակայել է Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում՝ քուրդ աշխարհազորայինների ճամբարում, որտեղ Անկարան մարզում է քուրդ մարտիկներին ԴԱԻՇ-ի գրաված Մոսուլի վրա հարձակման համար:
Դեկտեմբերի 6-ին Իրաքի ԱԳՆ-ն Բաղդադում թուրք դեսպանին կանչել է և պահանջել, որ Թուրքիան անհապաղ իր զորքերը դուրս բերի Իրաքի տարածքից: Իրաքի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Անկարան զորքերը մտցրել է առանց Բաղդադի համաձայնության, որն այդ քայլը որակում է «թշնամական ակտ»: Նույն օրը Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը պահանջել է, որ թուրքական ստորաբաժանումներն անհապաղ դուրս գան Իրաքի տարածքից՝ նրանց մտնելն անվանելով «միջազգային նորմերի և իրավունքի խախտում»:
Թուրքիան հրաժարվում է զորքերը դուրս բերել և պնդում է, որ զինծառայողներն այնտեղ են ահաբեկչական խմբավորումների դեմ կռվող «տեղի ոստիկանության համար ուսումնական ծրագրի շրջանակներում»:












































