ԱՄՆ ՊՆ-ն Սպիտակ տան դիտարկմանն է ներկայացրել Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և Մերձավոր Արևելքոմ նոր ռազմաբազաների ստեղծման ծրագիր։ Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ դրանք կօգնեն ԱՄՆ-ին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
Պարբերականի տվյալներով՝ բազաները կարող են կիրառվել հետախուզական տեղեկատվության հավաքման, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների համար անմիջական սպառնալիք ներկայացնող ԴԱԻՇ-ի հետ կապված խմբերի լայն ցանցին ավիահարվածներ հասցնելու համար։
Համաձայն Պենտագոնի ծրագրի՝ նոր կառույցը նախատեսում է 4 «հանգույցների» ստեղծում՝ ներառյալ արդեն գոյություն ունեցող բազաները Ջիբուտիում և Աֆղանստանում, որոնք կընդլայնվեն։ Եվս երկու՝ չափերով փոքր օբյեկտներ կստեղծվեն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիգերն ու Կամերունը, որտեղ ներկայում ԱՄՆ-ը դիտորդական առաքելություն է իրականացնում անօդաչուների օգնությամբ։
Ինչպես սպասվում է՝ բազաներում կտեղակայվեն 500-5000 ամերիկացի զինծառայողներ։ Համաձայն Պենտագոնի ներկայացուցիչների՝ նախագծի իրականացումը կարժենա մի քանի միլիոն դոլար։ Նոր ռազմական օբյեկտների ստեղծումը պահանջում է այն երկրներից թույլտվության ստացում, որտեղ պետք է կառուցվեն դրանք։










































