ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Facebook սոցիալական կայքի իր էջում անդրադարձել է ԱԺ նիստերին պատգամավորների բացակայությունների խնդրին:
«Նշեմ, որ բազմիցս, թե՛ Ազգային ժողովի լիագումար նիստերի և թե՛ բազմաբնույթ խորհրդակցությունների ընթացքում բարձրաձայնել եմ Ազգային ժողովի լիագումար նիստերից և Ազգային ժողովի քվեարկություններից պատգամավորների բացակայությունների հարցը»,- գրել է Հովիկ Աբրահամյանը:
Նա նշել է նաեւ. «Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար և վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ և այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են ճանաչվել հարգելի»:
Ինչ վերաբերում է անհարգելի բացակայություններին, Հովիկ Աբրահամյանը գրել է. «Ինչ խոսք, խիստ բացասական եմ գնահատում դրանք և ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ: Չմոռանանք, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ դարձել է 1999 թվականից և նմանատիպ խնդիրները բնականոն բնույթ կրում են ոչ միայն Հայաստանի այլ նաև տարբեր երկրների խորհրդարանների համար: Սակայն, անշուշտ, վերջին հաշվով պատգամավորի գործունեության վերջնական գնահատականը տալիս է ընտրողը»:











































