APA-ի փոխանցմամբ, քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Բիլ Բըրնսն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Բըրնսը հանդիպել է համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) ու Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (դեսպան) Անդրժեյ Կասպրչիկի հետ:
Բըրնսը նրանց հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդների իրականացրած և առաջիկա քայլերը:
Հիշեցնենք, որ WikiLeaks-յան հրապարակումներում նշված էր, որ 2010 թվականի փետրվարի 25-ին ԱՄՆ փոխպետքարտուղար Բիլ Բըրնսի միջև կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե չի ցանկացել, որ Թուրքիան վերածվի էներգետիկ (տարանցիկ) միջանցքի, ինչի համար էլ գազային պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ.
«Մենք այս պայմանագիրը կնքեցինք «մեր թուրք բարեկամներին» ցույց տալու համար, որ մենք չենք թույլատրի, որ Թուրքիան վերածվի գազաբաշխիչ կենտրոնի»: Բացի այդ, Ալիևը կոշտ արտահայտություններ էր օգտագործել Էրդողանի կառավարության հասցեին: Այս կապակցությամբ թուրքական Milliyet թերթն գրել էր. «Ալիևը խոցեց մեր սիրտը»: