Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նվիրել է հրեական պետության հիմնադիրներից մեկի և դրա կառավարության առաջին ղեկավար Դավիդ Բեն-Գուրիոնի նամակը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Պուտինի նվերի մասին պատմել է Նեթանյահուն: Նա չի թաքցրել, որ Պուտինը զարմացրել է իրեն: Նեթանյահուի Ռուսաստան սեպտեմբերյան այցի ժամանակ Պուտինը նրան է փոխանցել Բեն-Գուրիոնի նամակը:
Այդ նամակը ռուսական կառավարությունը ձեռք է բերել աճուրդներից մեկում: «Այդ նամակը հիմա իմ աշխատասենյակում է»,- նշել է Նեթանյահուն Թել-Ավիվում իր հայտնի նախորդի հիշատակի միջոցառմանը ելույթի ժամանակ:
Բեն-Գուրիոնի նամակը թվագրված է 1970 թ. հոկտեմբերին:
Այդ ժամանակ արդեն պաշտոնից հեռացած Բեն-Գուրիոնը գրել է Իսրայելում բարդ տնտեսական իրավիճակի մասին, որը բացատրվում է ռազմական սպառնալիքով: Նա հրեական ներգաղթի հույս է հայտնել, որը երկրին անհրաժեշտ էր հաջող զարգացման համար:
«Տնտեսական բարդ իրավիճակն Իսրայելում անվտանգության և մեր սպառնացող պատերազմի վտանգի հետևանք է: Եվ այնուամենայնիվ, ես լի եմ հույսով, որ ներգաղթը կաճի, քանի որ մեզ այստեղ ևս 5-6 մլն հրեա է պետք»,- Բեն-Գուրիոնի նամակից մեջբերում է արել Նեթանյահուն:









































