ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Փխենյան կայցելի երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, և երկրում կգտնվի 4 օր։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Հարավկորեական «Ռենհապ» գործակալությունն ավելի վաղ հղում անելով ՄԱԿ-ի աղբյուրին՝ հայտնել էր, որ Պան Գի Մունը ծրագրում է այս շաբաթ այցելել Հյուսիսային Կորեա։ ՄԱԿ-ի մամլո ծառայությունը չէր հաստատել տեղեկությունը, սակայն հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է դերակատարում ունենալ Կորեական թերակղզում հարաբերությունների նորմալացման գործում։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ նախարարությունը տեղեկություն չունի Պան Գի Մունի հնարավոր այցի մասին, սակայն ընդհանուր առմամբ կարծում է, որ նման այցը կարող է նպաստել տարածաշրջանում իրադրության բարելավմանը։










































