Երևանում ծնված ու ՀՀ առաջնությունների մրցանակակիր դարձած հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր՝ 130կգ քաշային, 25-ամյա Էդուարդ Սողոմոնյանն, ով վերջին տարիներին բնակվում է Բրազիլիայում և ընդունել է այդ երկրի քաղաքացիություն, արդեն հասցրել է նվաճել Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը:
Այդ հաջողությունը նրան իրավունք է տվել Բրազիլիան ներկայացնելու 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրում կայանալիք օլիմպիական խաղերում: Հայազգի շնորհալի ըմբիշը միջազգային տարբեր մրցաշարերում իր հաջող ելույթներով ապացուցում է, որ զուր չի արժանացել նման բարձր պատվի ու վստահության:
Մասնավորպես, սեպտեմբերին Լաս-Վեգասում ԱՄՆ 2015 թ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նա կարողացավ 4:2 հաշվով կամային հաղթանակ տոնել ՀՀ ընտրանու ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանի նկատմամբ:
Իսկ ահա օրերս էլ՝ նոյեմբերի 13-15-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Սողոմոնյանը մեծ հաջողության է հասել ըմբշամարտի Հարավային Ամերիկայի առաջնությունում: Նա փայլուն ու վստահ անցկացելով իր գոտեմարտերը, պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին՝ հռչակվել է չեմպիոն ու Բրազիլիայի ընտրանուն պարգևել առաջին ոսկե մեդալը: Այս պատվաբեր հաղթանակից հետո հայ ըմբիշը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել.
«Սա Հարավային Ամերիկայի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի նվաճած առաջին ոսկե մեդալն էր: Շնորհակալ եմ աստծուց, որ ինձ բերեց այս հաղթանակին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ու հավատացին ինձ: Թող աստված օրհնի ձեր բոլորին»:









































