Նոյեմբերի «ուրբաթ 13»-ին Եվրոպայի և աշխարհի կենտրոններից մեկում՝ ժամանակակից քաղաքակրթության օրրան Փարիզում տեղի ունեցած սարսափելի ահաբեկությունը ցնցեց աշխարհը: Այդ ցնցումն իր ֆիզիկական ծավալներով անհամեմատելի է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ցնցմանը, երբ ամբողջ աշխարհն ուղիղ եթերում էր ականատես լինում ահաբեկչության, թե ինչպես է ահաբեկիչների առևանգած օդանավը մխրճվում քաղաքակրթության մեկ այլ նվաճման՝ Նյու Յորքի երկնաքերների մեջ: Այդ կետը շրջադարձային էր համաշխարհային պատմության համար, և իրադարձություններն, ըստ էության, բաժանվեցին մինչև սեպտեմբերի 11-ը և դրանից հետո ընկած ժամանակահատվածի:
Այսօր, թեև իր ֆիզիկական ծավալով Փարիզի ահաբեկչությունը համեմատելի չէ Նյու Յորքի ողբերգությանը, սակայն այն պակաս չի ցնցել աշխարհը: Ահաբեկություններն, իհարկե, համեմատելի չեն որևէ դեպքում: Դրանց զոհ կգնա մեկ, տասը, հարյուր, թե հազար մարդ, միևնույն է՝ դրանք իրենց էությամբ, բնույթով հավասարապես ողբերգական են ու անընդունելի: Դրանք կարող են համեմատելի լինել զուտ աշխարհաքաղաքական ազդեցության տեսանկյունից և այդ առումով Փարիզի ահաբեկչությունը շատերին է առիթ տվել համեմատություն անցկացնել այն աշխարհաքաղաքական նշանակության հետ, որ ունեցավ Նյու Յորքի սեպտեմբերի 11-ը:
Սրան զուգահեռ, սակայն, աշխարհը ներկայումս գտնվում է տրամաբանորեն այլ իրավիճակում, քան 11-ից հետո: Եվ այստեղ, օրինակ, առանձնահատուկ է ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունը: Ներկայումս այդ հարաբերությունը բնորոշվում է ՌԴ դեմ մեկուսացման գործընթացով, սուր հակադրությամբ, տնտեսական պատժամիջոցներով: Այն դեպքում, երբ սեպտեմբերի 11-ից հետո տեղի ունեցավ ԱՄՆ-Ռուսաստան գործակցություն, և Մոսկվան իր տարածքը տրամադրեց ԱՄՆ-ին Աֆղանստան անցնելու և թալիբների դեմ ռազմարշավն իրականացնելու համար, թույլ տվեց ԱՄՆ-ին ռազմական ներկայություն հաստատել Կենտրոնական Ասիայում՝ Ղրղզստանում:
Իհարկե, այս ամենը պայմանավորված էին շահերով, սակայն ակնհայտ է, որ սեպտեմբերի 11-ից հետո ձևավորված համաշխարհային մթնոլորտը այնուհանդերձ լիակատար տրանսֆորմացիայի ենթարկվեց մի շարք էական դրվագներով, և այսօր՝ 11-ից 15 տարի անց, աշխարհը գտնվում է լիովին հակառակ տրամաբանության մեջ՝ 11-ից հետո աշխարհը բնորոշվում էր ռուս-ամերիկյան գործակցությամբ, իսկ այսօր՝ ռուս-ամերիկյան հակադրությամբ: Եվ առավել ևս այս տեսանկյունից էական է դառնում հարցը՝ Փարիզի ահաբեկչությունն, ըստ էության, տրամագծորեն փոխված աշխարհի հետևանք էր կամ դրսևորո՞ւմ, թե՞ այդ ահաբեկչությունից հետո է աշխարհը ունենալու տրամագծորեն նոր դրսևորում, փոփոխություն, որը կբերի լիովին նոր իրողություններ ու հարաբերություններ: Այս հարցին աշխարհում կարող են պատասխանել միայն հատուկենտ մարդիկ, բայց ովքեր որ կարող են՝ հաստատապես չեն պատասխանի: Սակայն սրանից, իհարկե, հարցերի կարևորությունն ավելի է մեծանում, այդ թվում՝ փոքր երկրների համար:
2011 թվականի սեպտեմբերի 11-ից մի քանի օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սևանա լիճն էին վայելում՝ Պուտինի Հայաստան առաջին պետական այցի ընթացքում: Փարիզի ահաբեկչությունից մեկ օր անց Երևանի Ֆրանսիայի հրապարակում Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ ծաղիկներ էր դնում Ֆրանսիայի նախագահի Պետական այցի ընթացքում Հայաստանին նվիրած քանդակի՝ Ռոդենի ստեղծագործության առաջ, գլուխ խոնարհելով ահաբեկչության զոհերի հիշատակի առաջ: Բայց չնայած այդ առերևույթ դրսևորումների տարբերությանը, Հայաստանի իշխանության բնույթն ու իրական հոգեվիճակը, մեծ հաշվով, նույնն են և՛ 2001-ից հետո, և՛ 2015-ից հետո:
Ակնհայտ է, որ 2001-ից հետո Հայաստանն ապավինեց Ռուսաստանի Դաշնությանը, և այդ տարիների ընթացքում Մոսկվան աստիճանաբար քայլ առ քայլ ուժեղացրեց իր ներկայությունը Հայաստանում: Եվ եթե 2001-ից հետո դա պուտինյան վերելք ապրող Ռուսաստանն էր, և այդ Ռուսաստանին հենվելը կարճաժամկետ իմաստով արդարացվել էր, և Ռոբերտ Քոչարյանը լիովին զգաց այդ հաշվարկի էֆեկտն իր նախագահական շրջանի համար՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-քաղաքական իմաստով, ապա ներկայումս գործ ունենք «պուտինյան անկման» փուլում գտնվող Ռուսաստանի հետ՝ զգալով միաժամանակ թե՛ այդ իրողության, թե՛ նաև 2001-ից հետո կատարված կարճաժամկետ էֆեկտով հաշվարկի արդեն միջնաժամկետ ու երկարաժամկետ կատակլիզմների հետ:
Այդ լրջագույն խնդիրների հաղթահարումը պահանջում էր Հայաստանի իշխանության լիովին այլ հոգեվիճակ, բնույթ և տեսակ: Սակայն դա չկա, ինչը նշանակում է, որ լինելու են հետևանքներ: Դրանք արդեն դրսևորվում են տնտեսական խնդիրների տեսքով, սակայն ակնհայտ է, որ աշարհաքաղաքական ներկայիս ողբերգական դինամիկ, վտանգավոր և ինչ-որ իմաստով նաև դաժան զարգացումները կարող են անխուսափելի դարձնել առավել ծանր հետևանքները, երբ տնտեսական խնդիրները կարող են ձնծաղիկներ թվալ:
Այս տեսանկյունից, Փարիզի ահաբեկչությունը եթե տագնապի զանգ է աշխարհի ուժային կենտրոնների համար, ապա Հայաստանի համար այն վերջին զանգ է, բայց ոչ թե դպրոցական, այլ աշխարհաքաղաքական տագնապի վերջին զանգ: Հայաստանը պետք է պատրաստվի հնարավոր սցենարների, որով զարգանալու են հետագա իրադարձությունները: Սակայն ակնհայտ է, որ ներկայումս չկա դրան պատրաստ ոչ միայն իշխանական, այլ նաև հասարակական-քաղաքական ընտրախավ, որն ունակ կլինի ծավալել հանրային այնպիսի դիսկուրս, որի ընթացքում կքննարկվեն թե՛ հնարավոր սցենարներ, թե՛ այդ սցենարների պարագայում Հայաստանի պահվածքի, քայլերի, անելիքների հետ կապված հետագա լուծումներ: Եվ սա արդեն իսկ առաջին հետևությունն է Փարիզի ողբերգությունից հետո՝ Հայաստանը պետք է ձևավորի այդ նոր ընտրախավը:
Ընդ որում, կարևոր չէ՝ այն կունենա իշխանության դե յուրե լծակ, թե ոչ: Աշխարհում գործընթացների տրամաբանությունը վաղուց դուրս է այդ շրջանակից և չափվում է ընկալումների համարժեքությամբ, իշխանություն ու ընտրախավ է այն շրջանակը, որն աչքի է ընկնում առավելագույն համարժեքությամբ: Առանց այդ շրջանակի՝ դե յուրե իշխանության մեջ, թե դրանից դուրս, Հայաստանն անելիք և հնարավորություն չունի, ոչ միայն սցենարները հասկանալու և իր անելիքը որոշելու հարցում, այլ անգամ այն դեպքում, երբ սցենարը ուղղակի սկուտեղի վրա կմատուցեն Հայաստանին: Միևնույն է՝ անելիքը հասկանալու հարցում պետք է տրամագծորեն այլ մտածողությամբ հասարակական-քաղաքական ընտրախավ:










































