Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները 2016 թվականի ընթացքում եզրակացություն կպատրաստեն միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու նախագծի վերաբերյալ: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտնել է Եգիպտոսում ՌԴ առևտրային հարցերով ներկայացուցիչ Ֆեոդոր Լուկաշինը:
«Առաջին պաշտոնական խորհրդակցությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 17-18-ին՝ Կահիրեում: Եգիպտացի գործընկերները ներկայացրել են նախնական զեկույց, կողմերն ստորագրել են արձանագրություն, և այժմ եվրասիական կողմը իր եզրակացությունն է պատրաստում նախագծի վերաբերյալ։ Այդ փաստաթուղթը համաձայնեցում է պահանջում ԵՏՄ բոլոր անդամների հետ,և միայն դրանից հետո կնշանակվի երկրորդ նիստի ամսաթիվը: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա հաջորդ տարվա ընթացքում»,- ասել է Լուկաշինը և հավելել. «Առայժմ մենք գտնվում ենք ճանապարհի սկզբին»: