Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից 30 օր առաջ ոստիկանության կողմից հրապարակվեցին ընտրացուցակները, ինչից հետո մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ հանդես եկան մտահոգությամբ, որ այդ ընտրացուցակներն ուռճացված են, մասնավորապես մոտ 300 000-ով ավել էր ընտրողների թիվը:
Այս ահազանգերից հետո ոստիկանության անձնագրային և վիզային վարչության պետ Մնացական Բիչախչյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ որոշակի պարզաբանումներ արեց, մասնավորապես ասելով, որ ընտրողների ցուցակները կազմվում են բացառապես պետական ռեգիստրի բազայի հիման վրա, և ընտրացուցակներում չեն ներառվում նրանք, ովքեր հաշվառված են պետական ռեգիստրում, բայց բացակայում են երկրից: Ինչպես նաև ասվեց, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, այսինքն՝ մարդահամարի գործընթացն այլ մեթոդով են վարվում:
Որքանո՞վ են այս պարզաբանումները համոզիչ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտի մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի դիտարկմամբ՝ և՛ Ազգային վիճակագրական ծառայության, և՛ պետական ռեգիստրի տվյալները կասկածի տակ են դրվում. «Արդեն իսկ ունենք ուռճացված ազգային վիճակագրական ծառայության տվյալներ, որովհետև Հայաստանում մշտական բնակություն ունեցողների թիվը նշված է 3 միլիոն 10 հազար, հուլիսի 1-ի դրությամբ՝ մարդահամարի տվյալներով՝ 3 միլիոն 50 հազար է, այսքան մեծ թիվը կասկածելի է: Փաստորեն ոստիկանության տվյալներով՝ մշտական բնակություն ունեցողների թիվը 10 տարվա ընթացքում անընդհատ նվազել է, հիմա արդեն նորից ավելացել է. ըստ ոստկանության վերջին տվյալների՝ պետռեգիստրում գրանցված անձանց թիվը հասնում է 3 միլիոն 3 հազարի: Չեմ կարծում, որ դա հավաստի տվյալ է»:
Հարցին՝ մինչ ընտրությունները հնարավո՞ր է ինչ-որ մեխանիզմ կիրառել որևէ կերպ կրճատելու ընտրացուցակներում եղած անճշտությունները, Վ. Գրիգորյանը պատասխանց. «Դա բավականին հեշտ է: Հնարավոր է առանձնացնել ցուցակները այն մարդակնց, ովքեր երկարաժամկետ բացակայում են ՀՀ-ից, և այն մարդկանց ցուցակները, ովքեր ներկա են ՀՀ-ում: Ուղղակի այդ ցուցակներն առանձին փակցնելով տեղամասերում՝ հնարավորություն տալ վերահսկելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































