ԱԻՄ առաջնորդ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում դիտորդի դիրքորոշում որդեգրած Պարույր Հայրիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ ընդդիմադիր և իշխանական ուժերի հավասարությունը, և թե որքանով կարող է ընդդիմությունը պայքարել այս գործընթացի դեմ, նշեց. «Եթե առողջ բանականության տեր մարդիկ, անկախ նրանից՝ ընդդիմություն են, թե իշխանություն, միմյանց հասկանան և կարողանան տարբերել կարևորը երկրորդայինից, ապա, իհարկե, հնարավոր է՝ նույնիսկ իշխանական լծակների օգտագործման պայմաններում»:
Հայրիկյանի խոսքով՝ «մի տեսակ համընդհանուր ապուշացում կա այս հանրաքվե երևույթի նկատմամբ, քանի որ այս ընթացքում այնպիսի լուրջ խախտում է տեղի ունեցել, որ հանրաքվեն չպետք է կայանա: Եվ այս դեպքում իմ դաշնակիցը կարող է լինել ոչ միայն ընդդիմությունը»:
Հայրիկյանը համոզված է, որ փոփոխություններին համաձայն լինելու դեպքում անգամ, միևնույն է, հանրաքվեն պետք է հետաձգվի, քանի որ այդ գործընթացը հակասահմանադրական է. «Այսօր բոլորը պետք է միայն դրա մասին խոսեին»:
Անդրադառնալով դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստանի» կողմից կազմակերպվելիք հանրաքվեին՝ Հայրիկյանն ասաց. «Ինչո՞ւ ես պետք է իմ փորձառությունն անտեսեմ ու ինչ-որ մեկի որոշմանը հավատամ: Ամսի 1-ին երևի մենք ավելի լուրջ կմասնակցենք, քան իրենք՝ նախաձեռնողները: Բայց էսօր կոնկրետ բան կա ասելու, և դա երեկ էլ կար ասելու: Նրանք, իհարկե, համաձայն են, որ հարցին պետք է անդրադառնալ իրավական տեսակետից »:
Հայրիկյանի խոսքով՝ շատ ավելի կարևոր զենք է 100 հոգով հանրահավաք անելն ու ապացուցելը, որ հանրաքվեն ապօրինի է, քան 1000 հոգու «ոչ»-ը. «Առողջ մարդը երբեք չի ասում՝ ես էս բանին դեմ եմ, այլ ասում է՝ ես ունեմ սա»:
Ինչպես նկատեց պարոն Հայրիկյանը՝ «Հայաստանը իր 16-18 տոկոսանոց ժողովրդավարությունը այս գործընթացով դարձնում է 8 տոկոս: Խախտումներով չի կարող լինել լավ Սահմանադրություն՝ չար ծառը բարի պտուղ չի կարող տալ: Բոլոր նրանք, ովքեր չեն օգտվում առիթից՝ ասելու, որ այս հանրաքվեն ապօրինի է, խաղում են իշխանությունների դավադրության խաղը»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենք վաղը, ժամը 14-ին, ԿԸՀ-ի դիմաց կազմակերպելու են միջոցառում, որին կհաջորդեն ավելի լուրջ քայլեր:









































