«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն դրանցից մեկն առավել քան կարևոր է. խոսքն այն օրենսդրական փաթեթի մասին է, որով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում:
Տեղեկացնենք, որ այս փոփոխությունները ուժի մեջ մտցնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան քվեարկել նույնականացման քարտերով: Ներկայումս միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների թիվը երկու հարյուր հազարից մի փոքր պակաս է, սակայն մինչև դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրանց թիվը շատ ավելի մեծ կլինի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույնականացման քարտերով քվեարկող մի քանի հազար ընտրողների միջոցով ՀՀ իշխանությունները կարող են կրկնակի քվեարկություն կազմակերպելով՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալ: Իհարկե, պատկերն այդքան անհույս չէր լինի, և հնարավոր չէր լինի իշխանություններին միանշանակ մեղադրել ընտրակեղծարար լինելու մեջ, եթե նրանք համաձայնեին ներդնել քվեարկած ընտրողների մատերը թանաքոտելու համակարգը:
Սակայն ՀՀ իշխանությունները համառորեն չեն ցանկանում թույլատրել, որ այդ գործիքը կիրառվի՝ այդ նպատակով բերելով անհեթեթ, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ հիմար պատճառաբանություններ ընտանեկան խանդի մասին: Արդյունքում, շատ հստակ պատկեր ենք ունենում. այս իշխանությունների միակ հույսն ու գոյության երաշխիքը ընտրակեղծիքներն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:











































