«Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը Սասուն Միքայելյանին ներում շնորհի: Ամեն ինչ էլ հնարավոր է կյանքում»,- այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Վերջինս, սակայն, ասաց, որ դա ընդամենը իր տեսակետն է, և ինքը չունի որևէ կոնկրետ ինֆորմացիա, չգիտի, թե այդ առիթով Սերժ Սարգսյանն ինչ է մտածում: Ռազմիկ Զոհրաբյանը նաև ասաց, որ մարտի 1-ի գործով ձերբակալվածներն իրենք կարող են ներման դիմումներ ներկայացնել, իսկ եթե չեն ուզում նման դիմում գրել, ազատվելու համար պետք է սպասեն օրենքով նախատեսված ժամկետին:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի հանցագործությունը բացահայտելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի ցուցումներին, ըստ Զոհրաբյանի՝ Մարտի 1-ի զոհերի մասով քննությունը միշտ էլ շարունակվել է: «Բայց քանի որ հասարակությունն ասում է`չի բացահայտվել, թե վերջապես ովքեր էին զոհերի մեղավորները, Սերժ Սարգսյանը նորից առաջարկ է արել լայն թափով, մեծ թափով նորից վերաքննել գործը»,- ասաց նա:
Այդ դեպքում ինչո՞ւ էին իշխանությունները հայտարարում, թե Մարտի 1-ի էջը փակված է: «Երբ ՀՀԿ-ականները, ընդհանրապես իշխանությունները ասում էին՝ Մարտի 1-ի էջը փակված է, չէին ասում, թե փակված է, ասում էին` քաղաքական մասն է փակված»,- մեկնաբանեց ՀՀԿ փոխնախագահը:











































