2011 թ. մարտի 11-ի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը և դրան հաջորդած աղետները էական ռիսկեր են առաջացրել Ճապոնիայի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության վերականգնման համար: Այս մասին ասվում է Կբ այսօրվա հրապարակած «Ֆինասնական կայունության հաշվետվություն, 2010» զեկույցում:
«Համաձայն Համաշխարհային բանկի վերլուծության, բնական աղետի պատճառով Ճապոնիայի ՀՆԱ-ի սպասվող մակարդակը կնվազի 0.25-0.5%-ով: Միևնույն ժամանակ, Ճապոնիայի աղետը բացասական հետևանքներ կարող է ունենալ Արևելյան Ասիայի համար. ըստ գնահատումների` զուտ արտահանումը կարող է նվազել մինչև 1.5%-ով, կկրճատվեն նաև ճապոնական ներդրումներն այդ երկրներում»,- նշված է այդ զեկույցում:
Մեր ԿԲ-ն անդրադարձել է նաև արաբական երկրների իրադարձություններին` համարելով դրանք խռովություններ: «Արաբական աշխարհում 2011 թ. սկզբին բռնկված խռովությունները, առաջացնելով նավթի առաջարկի կրճատում և փոխադրման ուղիների փակում, նպաստել են նավթամթերքի գների աճին: Համաշխարհային շուկայում նավթի պակասը, խռովությունների հետագա տարածման հնարավորության բացառման դեպքում, թերևս, հնարավոր կլինի լրացնել այլ արտադրական ազատ հնարավորություններ ունեցող երկրների նավթի արդյունահանման հաշվին, ինչը կզսպի գների հետագա թռիչքային աճը»,- ասվում է զեկույցում:











































