Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական կողմի հետ Աբխազիայի քաղաքական կարգավիճակի մասին որևէ բանակցություն չի տարվում։ Այդ մասին նշված է Աբխազիայի ԱԳՆ-ի հայտարարությունում՝ ի պատասխան Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլիի այն հայտարարության, որ վրաց-աբխազական երկկողմ խորհրդակցություններում քննարկվում է հանրապետության քաղաքական կարգավիճակի հարցը։
Հաղորդվում է, որ Զաքարեիշվիլին տվյալ հայտարարությունն արել է Վրաստան-ԵՄ ասոցիացիայի խորհրդարանական հանձնաժողովի նիստում։ Աբխազիայի ԱԳՆ-ը Զաքարեիշվիլիի հայտարարությունը որակել է որպես ակնհայտ կեղծիք՝ հավելելով, որ միջազգային միակ բանակցային ձևաչափը, որին մասնակցում են աբխազական ու վրացական կողմերը, շարունակում են մնալ Ժնևյան քննարկումները, որոնցում չի քննարկվում Աբխազիայի կարգավիճակը։











































