Ռոբին Ուիլյամսի ինքնասպանության պատճառը եղել է ձեռքբերովի տկարամտության տեսակներից մեկը՝ Լևիի մարմնիկներով դեմենցիան (DLB): Այս մասին դերասանի այրի Սյուզան Ուիլյամսն ասել է Peoplе ամսագրին:
«Նրան ընկճախտը չսպանեց: Ընկճախտը միայն մեկն էր, այսպես ասենք, 50 ախտանիշներից, և շատ փոքր»,- ասել է Ուիլյամսը: Նրա խոսքով՝ հիվանդությունը նպաստել է տագնապի սրված զգացողությանը, հալյուցինացիաների առաջացմանը, շարժունակության խախտմանը: Այդ ախտանիշները դերասանի մոտ սկսել են ի հայտ գալ 2014թ. և ուժեղացել են մահից մի քանի ամիս առաջ: Ուիլյամսը հիշում է դեպք, երբ իր ամուսինը չի տեսել դուռն ու գլուխը դրան հարվածել է արյուն գալու աստիճան:
Լևիի մարմնիկներով դեմենցիան ձեռքբերովի տկարամտության առավել տարածված տեսակներից մեկն է՝ Ալցհեյմերի հիվանդությունից բացի: DLB-ով աշխարհում տառապում է ավելի քան 1 մլն մարդ, բայց հաճախ բարդ է լինում ախտորոշել հիվանդությունը՝ գրում է պարբերականը:
Ռոբին Ուիլյամսն ինքնասպան է եղել 2014թ. օգոստոսի 12-ին՝ Կալիֆոռնիայի իր տանը:











































