Շոտլանդական Գլազգո քաղաքում ավարտված մարմնամարզության աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի թիմը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, Լոնդոն-Մոսկվա-Երևան չվերթով լուսաբացին վերադարձել է հայրենիք:
«Բնականաբար ես շատ բարձր եմ գնահատում աշխարհի առաջնությունում մեր գրանցած այս արդյունքը: Սպասելիքներ կային, բայց անհատական ձևում մեդալ նվաճելու մասին չէի մտածում: Մրցակցությունը շատ մեծ, իսկ պայքարն իսկապես ուժեղ էր: Սա այն առաջնություններից մեկն էր, որ 4 տարվա մեջ Օլիմպիական խաղերի համար վարկանիշ էր տալիս և ռեկորդային թվով երկրներ էին մասնակցում:
Հենց մեկնարկում մեզ ուրախացրեց Հուրի Գեբեշյանը, հետո Դավթյանը և այդպես շարունակվեց: Ես կասկածում էի, որ անհատական ձևերում մեր մարզիկները կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին: Տղաներն արեցին այն ամենը, ինչին ունակ են: Մեր մարմնամարզիկներն իրենց գնահատականներն արժանիորեն են ստացել:
Եթե մեզ հաջողվի Օլիմպիական խաղերում նույն արդյունքը գրանցել, շատ լավ կլինի: Իմ կարծիքով 99 տոկոսով ունենք այն երկու ուղեգրերը, որոնք խաղարկվելու են Ռիոյի «Թեստ իվենթ»-ում»,-ասել Սերոբյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) աշխրահի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքեց 15. 500 միավոր և դարձավ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Նժույգթափեր վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքը, արծաթե մեդալը նվաճել է Լուիս Սմիթը: Հայաստանի հավաքականի մյուս անդամ Վահագ Դավթյանը օղակներ վարժությունում հավաքել է 15.333 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի


































