ԱՄՆ Կոնգրեսն ու նախագահի վարչակազմը համաձայնեցրել են պետական ռազմավարական պահուստի նավթի վաճառքի մեկնարկի մասին որոշումը՝ հղում անելով բյուջեի կայունացման անհրաժեշտությանը, սակայն իրականում տնտեսական շարժառիթների քողի ներքո Վաշինգտոնը թաքցնում է հումքային պատերազմի սանձազերծման ձգտումը՝ գրում է Die Welt-ը։
Ռազմավարական պահուստը ծրագրվել է կիրառել միայն արտակարգ իրավիճակների դեպքում՝ ճգնաժամերի, պատերազմների ու տարերային աղետների ժամանակ, և կիրառվեց, օրինակ, 2005 թվականին, երբ «Կատրին» փոթորիկը կործանեց մի քանի տասնյակ հորատող սարքավորումներ։ Նավթն արտակարգ իրավիճակում եղել է վերջին պաշտպանական միջոցը, իսկ այժմ, ըստ ամենայնի, կիրառվում է հարձակման համար՝ նշում է հոդվածագիրը։
Սպիտակ տունն ու Կոնգրեսը համաձայնել են վաճառել նավթի ռազմավարական պահուստի 8 տոկոսը, որն այժմ կազմում է 695 մլն բարել։ Համաձայն օրինագծի՝ 2018-23 թթ. կվաճառվի 58 մլն բարել։ Եկամուտը կուղղվի ֆինանսների նախարարության ընդհանուր հիմնադրամ։
Պաշտոնական տվյալներով՝ ստացված գումարը պետք է ծախսվի բյուջեի կայունացման վրա։ Սակայն տնտեսական տեսանկյունից նման քայլը շատ վիճելի է։ Նավթի վաճառքը, որն ըստ ընթացիկ գների կբերի ընդամենը 3 մլրդ դոլար, հազիվ թե օգնի երկրին մարել 18 տրիլիոն դոլարի պարտքը։ Տարվա ընթացքում նավթի գինը գրեթե կրկնակի նվազել է։







































