2010 թ. ընթացքում Հայաստանի ֆինանսական կայունությունը պահպանվել է բավարար մակարդակի վրա: Այս մասին ասվում է ԿԲ այսօր հրապարակած «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2010» զեկույցում: Ըստ այդմ` ֆինանսական համակարգում ռիսկերի մակարդակների վատթարացում չի դիտվել, ամրապնդվել են հետագա դրական զարգացումների սպասումները:
«Մակրոտնտեսության դրական զարգացումներին զուգընթաց 2010 թ. բանկային համակարգն ակտիվացրել է վարկավորման գործընթացները և գրեթե վերականգնել մինչճգնաժամային շահութաբերության մակարդակը: Չնայած բանկերի վարկային ներդրումների աճի տեմպի արագացմանը, որոնք ազդել են կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշների նվազման վրա, այնուամենայնիվ, բանկային համակարգի նշված ցուցանիշների մակարդակները գերազանցում են սահմանված նվազագույն մակարդակները գրեթե երկու անգամ:
Վարկավորման աճին զուգընթաց բարելավվել է վարկերի որակի ցուցանիշը: Տարվա ընթացքում 8 բանկեր իրականացրել են կապիտալի համալրումներ, ինչը ռիսկերի ծածկման լրացուցիչ բարձիկ է ստեղծում առևտրային բանկերի համար: Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգի դրական զարգացումներին զուգընթաց վերջիններիս ստանձնած ռիսկերը կառավարելի շրջանակում են»,- նշված է այդ հաշվետվությունում:








































