Գյումրիում ընթացող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքին ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր խոսքը սկսեց Հ. Շիրազի տողերով. «Ինչո՞ւ եք լռել հավատի զանգեր…»: Այնուհետև ներկայացնելով հայաստանյան համայնապատկերը՝ Հ. Հովհաննիսյանը նշեց. «Այսօր մայր ու մանուկ, հայր ու մանուկ լքում են երկիրը, երկիրը դատարկվում է, իսկ գյումրեցին շվարած է և անհուսության մատնված, որովհետև չդիմացավ ներքին նենգությանը, և գյումրեցին կանգնեց ու 13թ. մերժեց այս վարչախումբը»:
«Մի իրավիճակում, երբ ոտնահարվում են մեր ազգային շահերը, երբ հյուծվում է մեր հայրենիքը, մեր ազգը, երբ ճնշված է Հայաստան աշխարհի նույնիսկ ամենահպարտ ներկայացուցիչ գյումրեցին, հաշտվել այդ ամենի հետ, չխելագարվել այդ առիթով ու «խելագարված ամբոխների» ուժով չպարտադրել իշխանությանը հեռանալու, անհնար է»,- իր ելույթում նշեց ՀՔՄ նախագահը:
Նա գյումրեցիներին կոչ արեց դեկտեմբերի 1-ին գալ Երևան՝ մասնակցելու «աշխարհավաքին», իսկ ով չկարողանա գալ, հավաքվել Գյումրիում և միասին գտնել հարցի լուծումը: «Մենք պարտավոր ենք միասին, միահամուռ լուծել այդ հարցը, «ոչ» ասել հանցավոր ռեժիմին,- ընդգծեց Հ. Հովհաննիսյանը և հավելեց. «Մենք ձեր ձեռքի սվիններն ենք, մենք ձեր ձեռքի ավելներն ենք, որոնց միջոցով դուք կարող եք մաքրել այս ավգյան ախոռները և վերադարձնել երկրին մեր երբեմնի արժանապատվությունը, հույսն ու հավատը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































