Ինչպես ռուսական Russia Today ալիքին ասել է Եմենի արտաքին գործերի նախարար Աբու Բաքար Ալ-Քիրբին, Եմենի իշխանություններն ամբողջովին ընդունել են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից ներկայացված կարգավորման ծրագիրը:
«Հնարավոր է, որ այս նախաձեռնությունը ելքի վերջին հնարավորությունն է տալիս այն քաղաքական փակուղուց, որում հայտնվել է Եմենը»,- ասել է նախարարը: Կարծես ընդդիմությունը, որ նախորդ օրերին մերժում էր այս նախագիծը, որով առաջարկվում էր ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն, որի ձևավորումից հետո երկրի նախագահը հրաժարական կտա` ստանալով անձնական անվտանգության երաշխիքներ, նույնպես տվել է իր համաձայնությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Եմենի ընդդիմության մեջ իր աղբյուրներին: «Այն բանից հետո, երբ ստացանք Պարսից ծոցի երկրների բացատրությունները, մենք համաձայնություն ենք տվել այդ նախաձեռնությանը և պատրաստ ենք մասնակցել կառավարության ձևավորմանը»,- նշել է այդ աղբյուրը` շեշտելով, որ ընդդիմության առաջնորդները երկուշաբթի քննարկել են այս ծրագիրը:
Նախօրեին Եմենի արդյունաբերության և առևտրի նախարար Հիշամ Շարաֆն ասել էր, որ Եմենը վերջին զարգացումների հետևանքով արդեն կորցրել է մոտ 5 մլրդ դոլար: Մասնավոր սեկտորի վնասները կազմում են մոտ 1.5 մլրդ դոլար: «Շարունակվող քաղաքական ճգնաժամը դարձել է 5 մլրդ դոլարի կորստի պատճառ, որից տուժել է տնտեսությունը, զբոսաշրջությունը, ներդրումային ոլորտը և արտահանումը»,- ասել է նա:









































