Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի տրանսպորտի և ուրբանիզացիայի հարցերով նախարար Աբաս Ախոնդին հայտարարել է, որ Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել 30 միլիարդ դոլարի։
Ախոնդին այդ մասին հայտարարել է երեկ՝ Թեհրանում գտնվող Թուրքիայի դեսպանատուն կատարած այցի ժամանակ։ Այցը կապված է եղել նրա հետ, որ հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշել են հանրապետության հիմնադրման 92-ամյակը։
Ախոնդին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան ունեն ավանդական ջերմ կապեր, և որ Թուրքիան այն երկրներից մեկն է, որը պատժամիջոցների ժամանակաշրջանում աջակցել է Թեհրանին։
Նախարարի խոսքերով՝ պատժամիջոցներն ու միջազգային խնդիրները խոչընդոտել են, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցվի 30 միլիարդ դոլարի նշաձողին, սակայն այդ խնդիրների վերացումն կօգնի հասնել դրան։ Ախոնդին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան տարածաշրջանային ազդեցիկ ուժեր են, և նրանց երկկողմ կապերի ընդլայնումը բխում է երկուսի շահերից։











































