Tuesday, 30 04 2024
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները

Րաֆֆին ավելի բարդ երևույթ է, քան քվեների քանակը, որ ինքը հավաքել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994թ-1997թ. ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական, այժմ ԱՄՆ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:

Ներկայացված հարցազրույցը Ժիրայր Լիպարիտյանի ընդարձակ պատասխանների կրճատված տարբերակն է: Պարոն Լիպարիտյանը հույս ունի իր կարծիքը խնդրո առնչությամբ ամբողջությամբ հանրությանը ներկայացնել ավելի ուշ։

 Պարոն Լիպարիտյան, հետևու՞մ եք Հայաստանի հետընտրական զարգացումներին: Մասնավորապես, թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի մասին է խոսքը: Նա հավաքեց 500 հազարից ավելի ձայն, զբաղեցրեց երկրորդ տեղը և մի քանի հանրահավաքներից հետո հացադուլ հայտարարեց: Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի թեկնածուի հացադուլին:

-Հետևում եմ, թեկուզ և` հեռվից։ …Եթե հարցը նախագահի թեկնածուի մասին է, ով հացադուլ էր անում, պիտի, նախևառաջ, խոսենք Անդրեաս Ղուկասյանի մասին։ Այդ պարագայում հացադուլն էր կարևոր, և ոչ անհատը։ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում ավելի շատ անհատն էր կարևոր։ Սա բնական էր. Րաֆֆին ոչ միայն ավելի ճանաչված գործիչ է, այլև պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած՝ իր հաշվարկով ընտրությունը շահած թեկնածուն էր։ 

Արդյո՞ք Ձեր կարծիքով հացադուլը արդյունավետ պայքարի միջոց է այս պարագայում:

-Նախ`Ղուկասյանի հացադուլի մասին: Ի՞նչ փոխեց այն. ընդամենը մի քիչ ուշադրություն գրավեց: Րաֆֆիի այս հացադուլը երեք տարբերություն ուներ Ղուկասյանի փորձից։ Առաջին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես հացադուլ արած ու այդ հարցում փորձ ունեցած մարդ էր։ Երկրորդ՝ Հովհաննիսյանը Հայաստանում և դրսում ճանաչված գործիչ է և ինչ էլ աներ, մանավանդ որևէ դրամատիկ գործողություն, պիտի ավելի մեծ ուշադրություն գրավեր: Երրորդ՝ կարող է Րաֆֆի Հովհաննիսյանը իր նորացված անձի կարևորության մասին այնքան հավատք ուներ, որ կարող էր հավատալ, թե իր հացադուլը պիտի հաջողվեր: Իհարկե, հնարավոր է, որ հացադուլը` որպես տկարի ու կորցրածի զենք փոփոխություն պարտադրի իշխանություններին։ Բայց սրանք այդ պարագաները կամ իշխանությունները չեն։

Այստեղ ավելի մեծ հարց կա: Հացադուլ, որ կհասնի իր տրամաբանական ավարտին՝ կհանգեցնի հացադուլ անողի վախճանին, եթե նրա պահանջները չբավարարվեն։ Ուրախ ենք, որ այս ակցիան չհանգեցրեց դրան, թեև պահանջները չբավարարվեցին և չէին էլ բավարարվելու։ Բայց ի՞նչ էր հետևելու, եթե Րաֆֆին գնար մինչև վերջ։

Երկու հետևանք հստակ է։ Առաջին՝ բացի մի մեծ հուղարկավորությունից ու մի տպավորիչ արձանից, ոչ մի էական փոփոխություն չէր առաջանալու իբրև արդյունք այդ զոհողության։ Ունենալու էինք մի նոր նահատակ, մի նոր մարտիրոս: Իմ ասածը կարող է դուր չգալ կամ արտառոց թվալ ոմանց։ Երկրորդ՝ «Ժառանգություն» կուսակցության, ընդդիմության կարևոր մեկ մասնիկի ջլատում։ Կա՞ մեկը, ով կարծում է, որ «Ժառանգություն» կուսակցությունը կարող է վերապրել Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունը։ Վստահ եմ, ինձանից բացի առնվազն մի մարդ այս նույն հաշվարկն արել է։ Նման նկատառումները Հովհաննիսյանի` հացադուլը դադարեցնելու որոշման մեջ դեր ունեցել են:

Հաճախ այն տպավորությունը ունեմ, որ մտածում ենք, թե նահատակվելն ու մարտիրոսանալը լավ բաներ են։ Ուրեմն` ինչու՞ բոլորս էլ չնահատակվենք ու մարտիրոսանանք։ Մեր նպատակը պետք է լինի ապրելը և արժանապատիվ ապրելը։ Նահատակման փառաբանությունը եկեղեցու գործն է, որը շփոթել պետության գործի հետ մեծ ու ճակատագրական սխալ է եղել մեր պատմության մեջ և տակավին սխալ է, մեծ սխալ։ Դժբախտաբար, Րաֆֆի լեզվամտածողության մեջ նման շփոթության ուժեղ նշույլներ կան։ Անձնական զոհողությունը չպետք է շփոթել ստրատեգիայի հետ։

Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե աջակցություն չգտավ արտաքին ուժերի մոտ: Ինչու՞ Ամերիկայում ծնված, մեծացած մարդուն, որը ենթադրաբար արևմտամետ է իր քաղաքական նախընտրություններում, արևմուտքը չաջակցեց:

-Այստեղ երկու բառ կա, որոնք կարևոր են. «արևմտամետ» և «ենթադրաբար»։

Հարցադրումը ենթադրում է ինչ որ ամերիկյան քաղաքացու կերպար, որը, սակայն, գոյություն ունի առավելապես որոշ գրական ընդերքում, հին կինոնկարների մեջ և սովետական շրջանում ստեղծված ու ինչ որ չափով տակավին քաղաքական մշակույթի ծիրերում սավառնող կարծրատիպային կառույցների ոլորտում։

Երկրորդ՝ Ամերիկա և Արևմուտք, սրանք նույնը չեն։ Թերևս, կար ժամանակ, երբ կարելի էր նման հավասարեցման հիման վրա, եթե ոչ ամրոցներ, առնվազն հարցումներ կառուցել։ Այսօր հնարավոր չէ: ԱՄՆ-ը ու Եվրոպան ոչ միայն տարբեր մտահոգություններ ու մոտեցումներ ունեն, այլև ունեն ներքին ճեղքվածքներ, որոնք անտեսողները ծանր գին են վճարում: Երրորդ՝ ԱՄՆ-ի քաղաքացի լինել չի նշանակում Ամերիկայի շահերի ներկայացնողը լինել: ԱՄՆ-ի քաղաքացին կարող է չհամաձայնել այդ պետության` գործող իշխանությունների սահմանած պետական շահերի հետ։ Կամ համաձայնվի այդ շահերի սահմանման հետ, բայց ոչ այդ շահերը ապահովելու այդ իշխանությունների որդեգրած ռազմավարության կամ տակտիկայի հետ։

-Բայց Միացյալ Նահանգները միշտ հանդես է գալիս իբրև ժողովրդավարական արժեքների պաշտպան և ուրեմն` սպասվում էր, որ այս հարցում էլ պիտի ավելի կարևորի ժողովրդավարությունը:

 -Հիմա` ԱՄՆ-ը պնդում է, որ Հայաստանում պաշտպանում է ժողովրդավարության կիրառման սկզբունքը: Իսկ ե՞րբ է ԱՄՆ-ը իսկապես արժևորել Հայաստանում այն ուժերին, որոնք մոտ են եղել ժողովրդավարությանը։ Րաֆֆին ասում է, որ ինքը նույնպես պաշտպանում է ժողովրդի շահերը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ «ենթադրաբար» ԱՄՆ-ը պիտի պաշտպանի Րաֆֆիին։ Սակայն պիտի, ի վերջո, հասկանալ, որ ինչպես Չինաստանն ու Ռուսաստանը և ուրիշներ, որպես մինչև վերջերս գերպետություն՝ ԱՄՆ-ը, միաժամանակ, գործում են բազմաթիվ մակարդակների վրա։ Նման պետությունների քաղաքականությունները արդյունք են տարբեր մակարդակների վերլուծման, տարբեր շահերի միջև ներքին բանակցությունների, նույնիսկ` քաղաքական բախումների։ Այդ, այսպես ասած, «բազարում» կան և մեծ գեոպոլիտիկայի միջազգային հաշվարկները, և գծուծ հաշիվներն ու միջանկյալ աղբը։ Վստահաբար, ժողովրդավարական արժեքները վճռորոշ չափանիշը չեն ԱՄՆ-ի համար։ Այլապես ԱՄՆ-ը որպես դաշնակից չէր ունենա Բահրեյնն ու Սաուդյան Արաբիան, թագավորական, դիկտատորական տարբեր ռեժիմներ։

Եվ սա չի նշանակում որ ԱՄՆ-ի հաշվարկները ճիշտ են։ Կարող եմ ասել նույնիսկ, որ ԱՄՆ-ի հաշվարկներն ու «բազարներն» ընդհանրապես սխալ են դուրս եկել։ Այլապես ԱՄՆ-ը այսօր կորցրած չէր լինի գերպետության իր կարգավիճակը։ Եթե այդ հաշվարկները ճիշտ լինեին, ԱՄՆ-ը այսօր կորցրած չէր լինի գերպետության իր կարգավիճակը։ Ճիշտ է, նա ունի չգերազանցված ռազմական ուժ, բայց նման ուժն էլ կիրառման սահմանափակումներ ունի, իսկ ԱՄՆ-ը ու իր ժողովուրդը շատ բարձր գին են վճարում այդ ռազմական գերակայության համար։Պիտի չմոռանալ նաև, որ վերջին մի քանի տասնամյակներում փոխվել է քաղաքական կոնֆլիկտների ռազմականացման ձևը, որի պատասխանը ԱՄՆ-ը չկարողացավ գտնել Վիետնամի պատերազմում: …1960-ականներին։

Այդ թվականներին էր, որ Կալիֆորնիայի համալսարանի իմ մի համակուրսեցին նոր էր վերադարձել Վիետնամից, ուր ծառայել էր Հարավային Վիետնամի բանակում` որպես նախագահ Քենեդիի ուղարկած ԱՄՆ զինվորական «խորհրդականներից» մեկը։ Մենք անդադար վիճում էինք այդ պատերազմի մասին։ Ես դրա դեմ հանդես եկող ցուցարարներից էի։ Թոմը հայրենասեր մարդ էր համարում իրեն ու պաշտպանում էր ԱՄՆ կառավարության քաղաքականությունը, բայց իմ դիրքորոշումը կասկածի տակ էր դնում նրա` երկուսուկես տարվա անձնական ծառայության իմաստը և իր պետության քաղաքականության իմաստնությունը։ Երկար վեճերից հետո մի օր նա ասաց. «Շատ հավանական է, որ դու՛ ես ճիշտ … Բայց դու, մեծ հաշվով, նկատի պիտի ունենաս հետևյալը։ Ես նոր կարդացի հայերի մասին. դուք ունեք ծանր պատմություն։ Իսկ մենք ունենք պատմության մեջ ամենաուժեղ պետությունը։ Երբ ձեզ նման փոքր ժողովուրդները սխալ են գործում, դուք եք վճարում այդ սխալի գինը։ Երբ մեզ նման մեծ պետությունները սխալ են գործում, նորից դուք`փոքրերդ եք վճարում մեր սխալի գինը»:

Դառնալով Րաֆֆիին ասեմ, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ի համար կարևորություն ունենար նախագահական ընտրությունների լեգիտիմության հարցը, Րաֆֆիի` արտաքին քաղաքականության վերաբերյալ հայտարարած սկզբունքները հիմնապես հակադրվում են ԱՄՆ-ի սահմանած շահերին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին, տարածաշրջանի հարցերին և այդ քաղաքականության հետևանքներին, ես լուրջ մտահոգություն պիտի ունենայի, եթե Րաֆֆին որպես նախագահ Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգացներ ըստ իր ցայժմ հայտարարած սկզբունքների։ Այդ փորձը ունեցել ենք Առաջին Հանրապետության ընթացքում ու պատերազմի մեջ ընկել մեր չորս հարևաններից երեքի հետ, երբ երկիրը մի հսկա որբանոց ու գաղթակայան էր։

Մեր իրավունքներն ու նրանցից բխող քայլերը չեն կարող անկախ լինել մեր կարողություններից, տարածաշրջանի իրականություններից և ամենակարևորը` այս պետության այսօրվա ժողովրդի այսօրվա հիմնական հոգսերից։ Մենք չենք կարողանում մեր այս ազնիվ ու լավ ժողովրդին պահել մեր ունեցած Հայաստանում, բայց պահանջում ենք ավելի մեծը։ Վանո Սիրադեղյանը ճիշտ էր բնորոշել այս հարցը` հայրենիքի մեծն է լավ, բայց ինչ տարբերություն հայրենիքը մեծ է, թե փոքր՝ եթե այնտեղ չենք ապրում։

-Դատելով Րաֆֆիի Հովհաննիսյանի հետընտրական քայլերից, կարող ենք ասել, որ նա վստահ է իր հաղթանակի մեջ: Եվ նույնիսկ ընտրակեղծիքների պարագայում, պաշտոնական տվյալներով նա ունի 37 տոկոս: Չի բացառվում , որ նա ավելին է ստացել, բայց կեղծվել են քվեները: Համենայնդեպս, դրանում համոզված է Հովհաննիսյանի թիմը:

-Անկախ այս ամենից, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվել էր, բոլորս էլ պետք է ընդունենք ժողովրդի այդ որոշումը ու շարունակենք աշխատել հասնելու համար լավագույնին։ Իսկ այդ ոչ հավանական նախագահը պետք չէ մեկնաբանի իր քվեները որպես արդյունք` արտաքին քաղաքականության իր հայտարարած սկզբունքներին։ Իրեն տրված քվեների մի կարևոր մասը այս ռեժիմի դեմ բողոքի քվեներ էին: Մնացյալն այն է, որ իր ելույթները ներշնչող են ու ոգեշնչող։ Զգայականության վրա կառուցված քաղաքականություն մեր պատմության մեջ շատ է կիրառվել, սակայն այն ավելի փորձանք է բերել, քան փրկություն և արդյունքում ունեցել ենք նահատակներ, մարտիրոսներ, նույնիսկ` սրբեր։ Խոսքս վերաբերում է բարոյական հաղթանակներին:

Դառնանք ԱՄՆ-ի քաղաքականությանը: Արտաքին քաղաքական շահերը կարող են չկարևորվել, երբ ԱՄՆ-ը որոշում է կայացնում մի անհատի, կուսակցության կամ երևույթի վերաբերյալ։ Պիտի չմոռանանք, որ ԱՄՆ-ը, երևի իր համար կարևոր, բայց չբացահայտված պատճառներով, մանավանդ 1993-ից հետո դեմ է կանգնել Լեոն Տեր-Պետրոսյանի նման պետական գործչին ու Հայաստանի Հանրապետության նախագահին։ Այդ նախագահի համար Ղարաբաղյան հարցի լուծումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնակարգումը Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականության հիմնական նպատակներ էին. երկու նպատակներ, որոնք նույնպես կարևորություն ունեին ԱՄՆ-ի համար, առնվազն ըստ ԱՄՆ-ի հայտարարությունների։ Իսկ ինձ մոտ կասկած չի մնացել այսքան տարի հետո, որ ԱՄՆ-ը մեծ ու ժխտական դեր է կատարել այդ ժամանակի դեպքերի ընթացքի մեջ, որոնք հանգեցրին Տեր-Պետրոսյանի հրաժարականին: ԱՄՆ-ի, ինչպես նաև այլ պետությունների պարագայում, որոնց խոսքն ու գործը կարևոր են այլ երկրների ճակատագրի համար, խնդրո առարկա անհատ քաղաքական գործչի կանխատեսելիությունն ու կառավարելիությունը ավելի որոշիչ արժեք ունեն, քան այդ գործչի ծննդավայրը, քաղաքացիությունը կամ աչքի գույնը։ ԱՄՆ-ի` Րաֆֆի Հովհաննիսյանին զորավիգ չկանգնելը այնքան էլ զարմանալի չէ ուրեմն։ Անկեղծ ասած, այնքան էլ կարևոր չեմ համարում։

Այս կապակցությամբ երևի արժե մտածել, թե ի՞նչ դիրքորոշում կամ դեր են ունեցել Ռուսաստանն ու Իրանը այս ընտրություններում։ Չէ՞ որ նրանք տեղում են ու ավելի կարևոր դերակատարներ ու շահագրգիռ երկրներ են, քան ԱՄՆ-ը։ Անմիջապես ավելացնեմ, որ այս հարցի պատասխանը չունեմ։

 Րաֆֆի Հովհաննիսյանին մեծ հաշվով չաջակցեցին և Հայաստանի ազդեցիկ համարվող քաղաքական ուժերը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ: Իհարկե, վերջինը ինչ որ հայտարարություններ արեց, ՀՅԴ որոշ անդամներ հանդես եկան Հովհաննիսյանին աջակցելու պատրաստակամությամբ, բայց ոչ ավելին: Իրականում նա կարծես թե մնաց մենակ:

– Րաֆֆիի կարծիքով նա ուներ ամենակարևորը՝ իր ասածով ամբողջ ժողովրդի ու նույնիսկ ազգի աջակցությունը, նաև Ղարաբաղի, Ջավախքի ու Սփյուռքի աջակցությունը։ Ուրեմն` Րաֆֆիի տեսանկյունից մենակության հարց չպետք է որ լիներ։

Հայաստանի ժողովրդի աջակցության նկատմամբ պրոբլեմ չկա, բայց այլ հարց է, թե ինչպես պիտի որոշել մյուսների աջակցության մեթոդոլոգիան։ Ղարաբաղն ունի իր ընտրված նախագահը, ով շնորհավորել է Սերժ Սարգսյանին։ Ոչ Ջավախքը, ոչ Սփյուռքը չունեն ընտրված մարմիններ նման՝ պաշտոնական կարծիք հայտնելու։ Առանձին անհատների, խմբերի, նույնիսկ կազմակերպությունների կարծիքները չեն կարող ներկայացնել Ջավախքի կամ Սփյուռքի դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին ուժերին, երևի ճիշտ կլիներ Րաֆֆիին հարցնել, թե իսկապես իրեն պե՞տք էր մեծ կոալիցիա:

-Կարծում եք` պետք չէ՞ր: Նա մի քանի անգամ կոչ արեց միանալ իրեն: Դա հնչեց հանրահավաքների ժամանակ: Ուրեմն ի՞նչը խանգարեց մյուս ուժերին, որոնք, ի դեպ, խոսում են գործող իշխանության դեմ պայքարի մասին, չմիանալ երկրորդ տեղը գրաված թեկնածուին:

-Անհրաժեշտ է սահմանազատել հարցի երկու տարբեր մակարդակները։ Առաջինը՝ ընտրությունների լեգիտիմության հարցը: Սերժ Սարգսյանը ընտրվե՞լ է, թե ոչ: Երկրորդ՝ եթե նա իրականում չի ընտրվել, սա նշանակու՞մ է, որ ինքնաբերաբար Րաֆֆի Հովհաննիսյանն է ընտրվել, թե երկրորդ փուլի հարց կա։ Չմոռանանք, որ մյուս այդ ընդդիմադիր կուսակցությունները ակնկալում էին ոչ լեգիտիմ ընտրություններ և, հետևաբար, չմասնակցեցին ընտրություներին։ Իսկ եթե չմասնակցեցին նախընտրական պայքարին, ինչու՞ պիտի ակտիվ մասնակցեին հետընտրական ակցիաներին։

Իսկ ավելի հիմնականը. Րաֆֆին իր հետընտրական պայքարը չսահմանափակեց ընտրությունների ոչ լեգիտիմության հարցի սահմաններում, որը կարող էր հիմք ծառայել ավելի լայն շրջանակների զորակցության։ Կարծես նոր ընտրապայքար սկսելով՝ այդ իրավական-սահմանադրական մակարդակում նա ծանր ու նույնիսկ մտահոգիչ կերպով ավելացրեց. ա) իր անհատի հատուկ առաքինությունների՝ ներառյալ մարտիրոսի ու փրկիչ-բարդույթի մակարդակը, բ) իր ընտանիքի՝ որպես հատու՚կ պատմություն ու իմաստ ունեցող արժեքի ներկայացուցչի մակարդակը, գ) հայ ժողովրդի պատմության էությունը՝ իր բոլոր հաղթանակները, հերոսացումներն ու մարտիրոսությունները մարմնավորող ու նորից հարություն առած բացառիկ անհատի մակարդակը, դ) իր պատկերացմամբ` համազգային ու գերպետական շահերի սահմանողի ու տնօրինողի մակարդակը։ Այստեղ անհրաժեշտ եմ համարում երկրորդ կետի վերաբերյալ մի հավելում անել։ Քանի որ մեր նախարարություններից մի քանիսը սովորություն ունեն աջ ու ձախ մեդալներ բաժանելու, ինչու մի տգետ մարդու անվան մեդալ չստեղծել ու առաջինը այդ մեդալը շնորհել Սյունիքի մարզպետին՝ ամերիկահայ մեծ պատմաբան, Րաֆֆիի հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի մասին իր արտահայտության համար։ Իսկ մի երկրորդ մեդալ նույն մարզպետին՝ իր տգետ մտքին զուգահեռ այդ կապակցությամբ Րաֆֆիին վերապահած իր ոչ մարդավայել սպառնալիքի համար։ Մի հատուկ մեդալ էլ այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք երկար ժամանակ առաջ պետք էր որ հակահայ համարեին նման պաշտոնյայի` որևէ պետական պաշտոնում մնալը։

…Այս մակարդակներից յուրաքանչյուրն ունի իր ներքին ու արտաքին քաղաքական հետևանքները։ Այդ բոլորի համար նա չբանակցեց մյուսների հետ։ Իսկ լրիվ զորակցություն հայտնելով նրա հետընտրական ծրագրին՝ այդ կուսակցությունները պատասխանատու պիտի լինեին այդ ծրագրի հետևանքների համար: Չեմ բացառում, որ այդ ուժերի հաշվարկների մեջ եղել են զուտ կուսակցական մտահոգություններ։ Իսկ վստա՞հ ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաշվարկների մեջ զուտ կուսակցական մտահոգություն չկա:

Արդյո՞ք այս ամենից հետևում է, որ քաղաքական ուժերը գործում են սեփական շահերից ելնելով և ոչ ժողովրդի

-Համաձայն կլինեի, եթե ինձ համոզեիք, որ ժողովրդի շահերը պաշտպանած լինելու համար պետք է Րաֆֆի Հովհաննիսյանին հետևել և Րաֆֆի Հովհաննիսյանին հետևելը միակ ձևն է ժողովրդի շահերը պաշտպանած լինելու համար: Ինչպես արդեն նշեցի, Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի բարդ երևույթ է, քան քվեների քանակը, որը ինքը հավաքել է։

 

Ապրիլ 8, 2013թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում