Կառավարության ներկայացմամբ Արտոնագրային հարկի մասին օրենքում կատարվելիք փոփոխությունը ստվերը կրճատելու և բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու նպատակ է հետապնդում: Այս քայլով փորձել են ստվերը կրճատել՝ հարկային դաշտ բերել դերձակներին, կոշկակարներին, ժամագործներին, թամադաներին, կրկնուսույցներին: Ընդ որում ՝ վճարներն ուղվել են համայնքային տեղական ինքնակառավարման մարմիններին: Հիշեցնենք՝ իրավաբանական անձի համար արտոնագրային վճարն ավելացված արժեքի հարկին և շահութահարկին փոխարինող, պետական բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է։ Ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար փոխարինում է եկամտային հարկին և ավելացված արժեքի հարկին:
Վարպետ Սամսոնն արդեն շուրջ 15 տարի է կոշկարությամբ է տուն պահում, ասում է, որ օրական աշխատած գումարով հազիվ տարածքի գումար և հարկ է վճարում: Ըստ նրա՝ կոշակարները ստվերում չեն գործում, կառավարությունը ստվեր այլ տեղում պետք է փնտրի, և հարկայն մարմիններին չստիպի սևեռվել 500, 1000 դրամով ծառայություն մատուցողների վրա:
Կոշկակարների, դերձակների պնդմամբ՝ եթե կառավարությունը և խորհրդարանը նույն կերպ ջանք թափեին պատգամավորներին ու կառավարության անդամներին հարկային դաշտ բերելու համար, բյուջեում պակասորդը կնվազեր, և չէին փորձի օրվա հացի փող աշխատողների հաշվին բյուջե լցնել:
Կոշկակարների և դերձակների պնդմամբ, թեև, կոնկրետ իրենք հարկաին դաշտում են, բայց կան նմանատիպ ծառայություններ մատուցող այլ անձիք, որոնք տանն են աշխատում, և սպասարկում են միայն իրենց ծանոթներին և հարազատներին, ուստի, կառավարությունն իրավունք չունի նրանց գործունեությունը ստվերային անվանել:









































