Ամերիկացիների կյանքի տևողությունը պակասում է միջինը 3 տարով, աշխատանքով պայմանավորված սթրեսի պատճառով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Հարվարդի և Սթենֆորդի համալսարանների գիտնականների հետազոտությանը:
Փորձի համար մասնագետները մասնակիցներին բաժանել են 18 խմբի և ուսումնասիրել են 10 գործոն, ներառյալ՝ փողի չվճարումը, հեռացումը, բժշկական ապահովագրության բացակայությունը, երկար աշխատանքային օրը, աշխատանքն ընտանեկան կյանքի հետ համատեղելու անհրաժեշտությունը: Հետո փորձագետները գնահատել են, թե ինչ ազդեցություն ունի յուրաքանչյուր գործոնը կյանքի տևողության վրա:
Ստացված տվյալները վկայում են, որ ցածր կրթությամբ մարդիկ մեծ հավանականությամբ կբախվեն նշված գործոններին, ինչը բացասաբար կազդի նրանց կյանքի տևողության վրա: Նշվում է, որ ԱՄՆ-ի սևամորթ բնակիչները և լատինամերիկացիներն աշխատանքի պատճառով կյանքի ավելի շատ տարիներ են կորցրել, քան փորձի մյուս մասնակիցները: Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ աշխատանքային սթրեսն ավելի շատ ազդում է տղամարդկանց, քան կանանց վրա:









































