Մյունխենի օդանավակայանը ճանաչվել է Եվրոպայում ամենալավը, վկայում են 26 հազար մարդկանց հարցման տվյալները, որն անցկացրել է The Guide to Sleeping in Airports առցանց պորտալը:
Պորտալը մասնակիցներին առաջարկել է գնահատել օդանավակայան հասնելու, գրանցվելու և իրերը հանձնելու հնարավորությունները, ինչպես նաև սպասարկման ընդհանուր որակը թռիչքից առաջ և հետո, հայտնում է Deutsche Welle-ը:
Ամենաթույլ գնահատականներ ստացել են ոչ մեծ օդանավակայանները, որոնք հաճախ օգտագործվում են ցածր բյուջեով ավիաընկերությւոնների կողմից` ինչպես Ryanair-ը և Wizz Air-ը: Դրանց թվում եղել են 4 հունական և 2 իտալական օդանավակայաններ:
Եվրոպայի ամենավատ օդանավակայանների ցուցակը գլխավորել է Փարիզ-Բովե-Տիյեն: Դրանից հետո գալիս են Հռոմ-Չամպինոն, Բրյուսել-Շարլերոին, Բերգամոն և Լոնդոն-Լուտոնը: Այդ օդանավակայանների ենթակառուցվածքները քիչ են, չեն բավարարում նստելու տեղերը, ուտելիքն անորակ է և թանկ, համացանցը վճարովի է:
Լավագույնների ցուցակում Մյունխենին հետևում են Հելսինկին, Ցյուրիխը, Պորտոն, Տալլինը, Ամստերդամը, Աթենքը, Ստոկհոլմը, Վիեննան և Վարշավան: Գնահատման չափանիշները եղել են մաքրությունը, հարմարավետությունը, սպասարկումը, արագությունը, անձնակազմի բարեկրթությունը: ճանապարհորդներին գրավել են անվճար Wi-Fi-ը և լավ սուրճը:










































