Կիպրոսի բնակիչները միջինը երեք անգամ հարուստ են գերմանացիներից: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եվրոպական կենտրոնական բանկի հաշվետվությունը:
ԵԿԲ-ի տվյալներով՝ ամենաբարձր վարկային վարկանիշ (Triple-A) ունեցող պետության քաղաքացիները ավելի քիչ կարողություն ունեն հարավ-եվրոպական երկրների բնակիչների համեմատ:
Ցուցանիշներից մեկը, որով կիպրոսցիներն առաջ են անցնում գերմանացիներից, անշարժ գույքի քանակն է: Օրինակ՝ Գերմանիայում բնակարանները հիմնականում վարձակալում են:
Հարկ է նշել, որ այս հետազոտությունն իրականացվել է 2009-2010թթ.՝ մինչև Կիպրոսի ճգնաժամը:
Զեկույցում նշվում է, որ Կիպրոսի ընտանիքները երեք տարի անընդմեջ եղել են եվրոգոտու երկրորդ ամենահարուստները: Նրանց միջին կարողությունը կազմել է 670 հազար եվրո՝ այն դեպքում, երբ գերմանական ընտանիքի միջին կարողությունը չի գերազանցել 200 հազար եվրոն:









































