Նախագահական ընտրություններից առաջ ռուսական հեղինակավոր RBC կայքը հրապարակել է մասնագետների կանխատեսումները 2012 թ. ընտրություններից մեկ տարի առաջ:
Ինչպես նշել է Քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը, խորհրդարանում վարչապետի կողմից կառավարության կատարողականը ներկայացնելուց հետո Պուտինի առաջադրվելու հարցը սկսել է ակտիվորեն քննարկվել հատկապես «Եդինայա Ռոսիա» կուսակցությունում. «Ես նրանց լավատեսությունը չեմ կիսում, չնայած հասկանում եմ, որ «Եդինայա Ռոսիա»-ի համար սա շատ կարևոր նախընտրական ռեսուրս է: Քանի որ Վլադիմիր Պուտինի առաջադրվելու մասին նույնիսկ շշուկով խոսելը մեծացնում է 2011թ. դեկտեմբերյան ընտրություններից հետո խորհրդարանում մեծ ներկայություն ունենալու՝ նրա կուսակցության հնարավորությունը»: Մուխինը վստահ է, որ իշխանական տանդեմը` Պուտին-Մեդվեդև զույգը, արդեն որոշել է, թե իրենցից ով է առաջադրվելու: Նա որպես հավանական թեկնածու է համարում նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Մուխինն ակնկալում է, որ, բացի կոմունիստ Զյուգանովից և լիբերալ-դեմոկրատ Ժիրինովսկուց, ընտրություններին կմասնակցի նաև հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին:
Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շատիլովը 2012 թ. նախագահական ընտրությունների համար երեք սցենար է առաջարկել: Նրա կարծիքով, խորհրդարանի ելույթից հետո կարծես Պուտինը լավ «մարզավիճակում է», և տպավորություն է ստեղծվում, որ նա ամփոփում էր վարչապետի պաշտոնում իր կատարած աշխատանքը: Բացի այդ, Շատիլովը նշել է, որ Մեդվեդևն էլ չորս տարվա պաշտոնավարման ընթացքում երբեք մեծ բացթողումներ չի ունեցել: Երրորդ տարբերակը, ըստ փորձագետի, կարող է լինել փոխզիջումային, որը կառաջարկի Կրեմլը, և հնարավոր է, որ դա լինի երրորդ՝ տեխնիկական թեկնածուի առաջադրումը:
Ըստ Ազգային ռազմավարւթյան ինստիտուտի նախագահ Ստանիսլավ Բելկովսկու` Կրեմլի կողմից առաջադրված հավանական թեկնածուն կլինի Մեդվեդևը: Նրա հետ մրցակցելիս Զյուգանովն ու Ժիրինովսկին ավելի լավ դիրքերից կարող են հանդես գալ, քան Պուտինի դեպքում: Բելկովսկին նաև վստահ է, որ «Արդար Ռուսաստանը», որը վերջերս հակադրվում էր իշխող կուսակցությանը, այդուհանդերձ կպաշտպանի վերջինիս թեկնածուին: Նրա կարծիքով, ընդդիմության առավել հավանական ակնառու թեկնածուներից կարող է լինել բլոգեր Նավալնին, սակայն Բելկովսկին նրա հանդես գալու արդյունավետությունը տեսնում է այն դեպքում, երբ Նավալնուն առաջադրի համակարգային ընդդիմության կուսակցություններից մեկը, օրինակ՝ կոմունիստները կամ Ժիրինովսկին: Սակայն, ըստ փորձագետի, դա տեղի չի ունենա, քանի որ այդ կուսակցությունները կանեն այն, ինչ կասվի Կրեմլից:
«Պետեբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի ղեկավարն էլ առավել հավանական է համարում Մեդվեդևի առաջադրումը. «Սցենարի համաձայն, որը գոյություն ունի, 50%-ով՝ կառաջադրվի Մեդվեդևը, 30%-ով` Պուտինը, 20%-ով` երկուսն էլ կմասնակցեն ընտրություններին, կամ կառաջադրվի նոր թեկնածու` հաշվի առնելով արդիականացման այն պահանջները, որ այսօր կան Ռուսատսանում»,- ասել է փորձագետը:









































