Apple գաջեթների iOS օպերացիոն համակարգում կարող են ներկառուցվել Yahoo!-ի լրատվական և մարզական ծառայություններ: The Wall Street Journal-ի տվյալներով՝ Yahoo!-ն գտել է միջոց՝ iPhone-ի և iPad-ի տերերի հաշվին ավելացնելու իր ռեսուրսներ այցելությունների թիվը:
Փորձագետները նշում են, որ նման նորարարությունը թույլ կտա Apple-ին թուլացնել կախվածությունը Google-ի ծառայություններից: Google-ը օպերացիոն համակարգերի շուկայում նրա գլխավոր մրցակիցն է:
Նշենք, որ ներկայում iPhone-ում նախապես տեղադրվել են հավելվածներ, որոնք կիրառում են Yahoo! Finance-ի և Yahoo! Weather-ի տվյալները:
Այժմ ընկերությունները քննարկում են նոր պայմանավորվածությունների կնքման հնարավորությունը՝ սարքի համար Yahoo!-ից ավելի մեծ ծավալով բովանդակություն հասանելի դարձնելու համար:
Դեռևս ոչ մի համաձայնագիր չի կնքվել, բանակցությունների ելքն անհայտ է: Հաղորդվում է, որ նոր հավելվածներն Apple-ի սարքերում հասանելի կարող են լինել Siri ձայնային համակարգի միջոցով:







































