«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Իտեռա» կազմակերպությունների միջազգային խումբը ներկայում «Նաիրիտ» գործարանում իրականացնում է աուդիտ: Հիշեցնենք, որ «Իտեռա»-ի պատվերով «Նաիրիտ»-ում աուդիտ անցկացվել էր անցած տարվա սեպտեմբերին:
Մեր աղբյուրի համաձայն՝ այս կրկնակի աուդիտի նպատակն է պարզել, թե անցած ամիսների ընթացքում ինչ է պակասել գործարանից: Իսկ պակասել է բավականին զգալի գույք, մասնավորապես այս ընթացքում ավարտվել է իրանական կողմին մոտ 8-9 հազ. տոննա «մետաղի ջարդոնի» վաճառքի գործարքը:
Աուդիտի արդյունքում «Իտեռա»-ն վերջնական որոշում կկայացնի, թե գործարանի կառավարումը ստանալու դիմաց ինչ գին է վճարելու: Մոտավոր թիվը 100 մլն դոլարի սահմաններում է և դրանից ավելի «Իտեռա»-ն վճարել չի պատրաստվում: Մինչդեռ ՀՀ կառավարությունն ակնկալում է 400 մլն ստանալ՝ դրա մեջ հաշվարկելով նաև գործարանի պարտքերը: Սակայն «Իտեռա»-ն կտրականապես դեմ է և չի պատրաստվում մտնել «Նաիրիտ»-ի պարտքային բեռի տակ:
Աուդիտի ավարտից հետո «Իտեռա»-ն ՀՀ կառավարության հետ կհստակեցնի գործարքի պայմանները և, ըստ ամենայնի, համաձայնությունը կկայանա ու գործարանի կառավարումը կհանձնվի ռուսական կողմին:
«Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, որ գործարանում աուդիտ է իրականացվում և նշեց, որ վերջին անգամ «Նաիրիտ»-ում աուդիտ անցկացվել է 2010-ին, իսկ անցած տարի կատարվել է միայն հնարավորության ուսումնասիրություն՝ կարո՞ղ է գործարանն աշխատել ու շահույթ ստանալ, և ուսումնասիրության արդյունքը դրական է եղել:
Ա. Հարությունյանը նաև հերքեց, որ այժմ գործարանում կրկին նման ուսումնասիրություն է իրականացվում. «Ի՞նչ պետք է փոխվեր այս ընթացքում, որ նորից նման ծախս անեին նոր ուսումնասիրության համար»:
Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբեր-դեկտեմբերին ահռելի քանակությամբ խոշոր տրամաչափի խողովակներ էին կտրվել և տարվել Իրան վաճառելու: Վաճառքի մասին տեղեկությունը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատել էր նաև Ա. Հարությունյանը՝ շեշտելով, որ վաճառվում են այն սարքավորումներն ու կոնստրուկցիաները, որոնք այլևս պետք չեն կաուչուկի արտադրական պրոցեսի համար, և` հիմնականում փչացած, շարքից դուրս եկած դետալները կամ կոռոզիայի ենթարկված խողովակները, կամ էլ կաուչուկ արտադրելու հին՝ քլորոպրենային տեխնոլոգիայի մեջ կիրառվող սարքավորումները, որոնք այլևս պետք չեն, քանի որ գործարանն անցնելու է արտադրության նոր՝ բութադիենային տեխնոլոգիայի:







































