Վրաստանում կստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որի նպատակն է պարզել 2008թ. օգոստոսին պատերազմի ծագման հանգամանքները: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին այսօր Քութայիսում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիդ Սագանելիձեն:
«Դեռևս պարզ չէ, թե ինչ ձևաչափով կգործարկվի այս հանձնաժողովը, սակայն այն հաստատ կստեղծվի: Հանրությունը պետք է իմանա, թե ինչ իրադարձություններ են նախորդել այս պատերազմին, ինչ է տեղի ունեցել, ինչն է սրել իրավիճակը»,- հայտարարել է Սագանելիձեն:
Նա ընդգծել է, որ 2008թ. ստեղծված համանման խորհրդարանական հանձնաժողովը «չի պատասխանել վերոնշյալ հարցերին»:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ օգոստոսյան պատերազմի իրադարձությունների հետաքննությունը չի վնասի ո՛չ նախկին կառավարության, ո՛չ Սաակաշվիլիի, ո՛չ Վրաստանի իմիջին:
«Անձամբ ես շատ հարցեր ունեմ և կարծում եմ, որ այդ իրավիճակում մեր նախագահը և այդ ժամանակվա իշխանությունը իրենց ոչ ադեկվատ են դրսևորել»,- ասել է Իվանիշվիլին:











































