Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի 2013թ. Առաջնությունը: Հայաստանի առաջին ներկայացուցիչը պայքարի մեջ կմտնի ապրիլի 11-ին: 77 կգ քաշային կարգում իր ուժերն է փորձելու պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը: Ստուգատեսին մասնակցելու են նաև գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Գոռ Մինասյանը:
1in.am Sport-ի զրուցակիցն է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը:
– Տիգրա՛ն, մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի 2013թ. առաջնությունը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են 3 ծանրորդներ: Ի՞նչ սպասելիքներ ունեք նրանցից:
– Երեքն էլ երիտասարդ ծանրորդներ են: Հույսեր ունեմ: Շատ հնարավոր է՝ կարողանան մեդալ նվաճել:
– Նրանց հնարավորություններին ծանո՞թ եք:
– Այո, գիտեմ: Նրանք մեծահասակների մրցաշարերի մասնակցելու փորձ չունեն, բայց պատանիների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ են նվաճել:
– Ինչի՞ հետ եք կապում այն, որ փորձառու ծանրորդները, առաջատարները հանգստանում են, իսկ մրցավայր են մեկնել երիտասարդները:
– Ես դա կապում եմ Օլիմպիական խաղերի հետ: Օլիմպիական խաղերին պատրաստվելուց հետո, օրինակ ես, հանգստի կարիք էի զգում: Կարծում եմ՝ հնարավորություն է տրվել հանգստանալ և թարմ ուժերով մասնակցել աշխարհի առաջնությանը:
– Կարո՞ղ ենք ասել, որ այս քայլը նպատակ ուներ նաև երիտասարդներին փորձ հաղորդելու:
– Եվրոպայի առաջնությունը լուրջ առաջնություն է: Մասնակցում են 47 երկրներ: Սա լուրջ մրցաշար է, որն, իսկապես, երիտասարդներին կարող է փորձ հաղորդել:
– 77 կգ քաշային կարգում հանդես է գալու Անդրանիկ Կարապետյանը՝ պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը: Ի՞նչ սպասելիքներ ունեք նրանից: Նա կարող է մեդալի հավակնել:
– Այո, ինչու ոչ: Շատ հնարավոր է, որ նա կարողանա մեդալ նվաճել: Ես մեր մասնակիցներին ճանաչում եմ, տեղյակ եմ նրանց հնարավորություններին: Եթե ներդնեն իրենց բոլոր ուժերը, շատ հնարավոր է, որ կարողանան մեդալներ նվաճել:
– Պատանիների աշխարհի առաջնությունում Անդրանիկը երկամարտի 331 կգ արդյունքով ռեկորդ սահմանեց: Սա լու՞րջ ցուցանիշ է մեծահասակների մրցաշարում:
– Մեծահասակների մրցմանը պետք է մի փոքր ավելացնի: Իմ կարծիքով՝ Անդրանիկը պատրաստ է:
– Անդրանիկը 18 տարեկան է: Քանի՞ տարեկան էիք Դուք, երբ ունեցաք Ձեր մարզական կարիերայի առաջին լուրջ հաջողությունը:
– 18 տարեկան էի: Ստրասբուրգի Եվրոպայի առաջնությունում գրավեցի երկրորդ տեղը:
– Ի՞նչ մարզավիճակում եք հիմա: Ինչպե՞ս է ընթանում մարզումային պրոցեսը:
– Նորմալ մարզավիճակում եմ: Մարզումները նորմալ են ընթանում: Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի:
– Անթալիայի աշխարհի առաջնությունը չեմպիոնական էր Ձեզ համար: Այդ ժամանակ հաղթեցիք երկամարտի 373 կգ արդյունքով: Մարզումների ժամանակ կարողանու՞մ եք մոտենալ այդ արդյունքին:
– Այո, մարզումներին կարողանում եմ մոտենալ: Եթե հիշում եք, Անթալիայի աշխարհի առաջնությունում ես հրում վարժությունը լավ չկատարեցի: Ընդամենը մեկ մոտեցում կատարեցի: Ավելին հնարավոր է բարձրացնել:
– Այսինքն կարծում եք, որ Վարշավայում կայանալիք առաջիկա աշխարհի առաջնությունում կարող եք բարելավել այդ արդյունքը:
– Պատրաստվում եմ: Ես հիմա ամենածաղկուն տարիքում եմ: 25-ամյակս դեռ չի լրացել: Ամեն ինչ կանեմ, որ լավ մարզավիճակով մոտենամ աշխարհի առաջնությանն ու հաջողության հասնեմ:








































