ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի` Թուրքիա կատարած այցից և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցելությունից հետո պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատում է իրենց դիրքորոշումը Ղարաբաղի խնդրում` պնդելով, որ հայ – ադրբեջանական հակամարտության ռազմական լուծումը պետք է բացառել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակի պաշտոնակատար Պատրիկ Վենթրելը:
«Մենք միանշանակորեն շարունակում ենք հավատարիմ մնալ նախկինում ստանձնած մեր հանձնառությանը` աշխատել երկու կողմերի հետ խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար: Մենք համոզված ենք, որ խնդիրը զենքի ուժով լուծել անհնարին է, և կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ ռազմական ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքներից», – նշել է ամերիկյան Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը` պատասխանեոլվ ճեպազրույցին ներկա ադրբեջանցի լրագրողի հարցին:
Վենթրելը ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը անփոփոխ է նաև հայ – թուրքական հարաբերությունների բարելավման առումով:
Ամերիկացի դիվանագետը չի հերքում մամուլում հայտնված տեղեկությունները, թե հայ – թուրքական սահմանի բացումն ու Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարները եղել են Ջոն Քերրիի` Թուրքիա կատարած այցի օրակարգում:
«Դա այն խնդիրներից է, որ մենք շարունակաբար արծարծում ենք մեր թուրք գործընկերների հետ շփումներում», – նշել է Պետդեպարտամենտի փոխխոսնակի պաշտոնակատարը:











































