Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի կրթական ծրագրերը կարող են համակցվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կրթական հարցերով խորհրդական Հալիս Քոյունչուօղլուն.
«Մենք ձգտում ենք համատեղել Թուրքիայի և Ադրբեջանի կրթական ծրագրերը: Ադրբեջանը միացել է Բոլոնյան գործընթացին: Թուրքիան էլ երկար ժամանակ գործածում է նույն համակարգը:
Մենք կփորձենք այնպես անել, որ Ադրբեջանում միջնակարգ դպրոց ավարտածները, ովքեր դրանից հետո մտադիր են բարձրագույն կրթություն ստանալ Թուրքիայի բուհերում, խնդիրներ չունենան մասնագիտություններ ընտրելու հարցում: Դա վերաբերում է նաև Ադրբեջանում կրթություն ստացող Թուրքիայի քաղաքացիներին:
Նախորդ տարի Ադրբեջանից Թուրքիա են ժամանել 1500 ուսանողներ, որոնցից 150-ի ուսման վճարն ընկած է թուրքական կողմի վրա: Թուրքական վարժարաններում են ուսանում մոտ 2000 ադրբեջանցի ուսանողներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանում ուսանում են ավելի քան 4000 թուրք ուսանողներ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի նախընտրական քարոզչության կետերից մեկն այն է, որ հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իրենք ձեռնամուխ են լինելու նախադպրոցական և դպրոցական կրթության միահյուսմանը, ինչի արդյունքում պարտադիր կրթությունը դառնալու է 13 տարի (ներկայումս գործում է «8+4» տարի ձևաչափը):











































