Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրաթ Քարայըլանն ապրիլի 24-ին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը.
«Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար սպանդի, աքսորի ու ոչնչացման օր է: 96 տարի առաջ այս օրն իրականացված սպանդի արդյունքում տարածաշրջանը մաքրվեց հայերից: Տեղի ունեցավ մեծ սպանդ և արտագաղթ:
Հենց այդ պատճառով էլ այսօր հայ ժողովուրդը սփռված է ողջ աշխարհով մեկ, իսկ նրա հետ տեղի ունեցածը դեռ շարունակում է ժխտվել: Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի ու պատմության հետ: Այսօր մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը»:
Քարայըլանը նաև նշել է, որ ապրիլի 24-ը քրդերի պատմության մեջ էլ է նշվում որպես սպանդի օր, քանի որ 1974 թվականին հենց այդ օրը իրաքյան քրդերը ենթարկվեցին կոտորածների:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Դիարբեքիրի Առևտրի ու արդյունաբերության պալատի նախագահ Գալիփ Էնսարիօղլուն, հանդես գալով Ստամբուլում կազմակերպված «Քրդական սեմինարում», անդրադարձ էր կատարել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված գազանություններին.
«Ընդհանուրի մեջ մենք էլ «մի քիչ» մեղքի մեր բաժինն ունենք: Մենք` քրդերս, իթթիհատականների ազգային պետության ստեղծման ժամանակ գլուխներս կորցրինք և հայերի ու ոչ մուսուլմանների հանդեպ իրականացված բռնությունների ժամանակ ոչ միայն դիտորդի դերում չմնացինք, այլեւ գործիք դարձանք իթթիհատականների ձեռքում: Այն ժամանակ այս հողերում բնակվողների 25 տոկոսը ոչ մուսուլմաններ էին: Հայերը մեր ձեռքով մորթվեցին»:
Չպետք է մոռանալ, որ 1915-1923 թվականներին (իթթիհատականների ու քեմալականների օրոք) քրդերը, մարդասպան թուրքերի հետ ձեռք-ձեռքի տված, սիրահոժար մասնակցում էին Հայոց ցեղասպանությանը:
Նրանք անդրշիրիմյան աշխարհում դրախտ ընկնելու համար իրենց սրբազան պարտքն էին համարում «գոնե 3 հայ սպանելը», ինչի համար էլ չէին խնայում անգամ հայ կանանց ու երեխաներին:
Հենց այդ ամենի արդյունքում էլ Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում բնակվող քրդերը բավական հարստացան, սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց, քանի որ շատ շուտով եկավ նաև նրանց հերթը:









































