Նյու Յորքի քաղաքական թատերաբեմում աղմկալի կոռուպցիոն սկանդալ է բռնկվել: Հարավային շրջանի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան երկու ասուլիս է տվել մի խումբ քաղաքական գործիչների ձերբակալության առնչությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դատախազը հայտարարել է 6 մարդու ձերբակալության մասին: Նրանք ներկայացնում են ամերիկյան երկու հիմնական կուսակցությունները: Ձերբակալվածների թվում է ամենաառանցքային գործիչը՝ Նյու Յորք նահանգի դեմոկրատ սենատոր, 56-ամյա աֆրոամերիկացի Մալքոլմ Սմիթը: Նախկինում նա եղել է Սենատում դեմոկրատական խմբակցության ղեկավարը:
Սմիթին մեղադրում են նրանում, որ նա օգտվել է Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ, հանրապետական Դենիել Հելորանի ծառայություններից՝ հանրապետական քաղաքական գործիչներին՝ Վինսենտ Տաբոնին և Ջոզեֆ Սավինոյին, «գնելու» համար: Առաջինը գլխավորում է Հանրապետական կուսակցության Քուինս շրջանի կազմակերպությունը, իսկ երկրորդը՝ Բրոնքս:
Մեկ այլ սկանդալ էլ կապված է հանրապետական Ջիմ Գրիերի հետ, որը բանտում է հայտնվել գումարների մսխման մեղադրանքով: Հանրապետական կուսակցության ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել խարդախությունների և խոշոր դրամական միջոցների լվացման մեջ: Դատարանը նրան դատապարտել է 18 ամսվա ազատազրկման՝ կուսակցական հիմնադրամից 125 հազար դոլար գողանալու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նոր Օռլեանի նախկին քաղաքապետ Ռեյ Նեյջենը մեղադրվում է խարդախության, կաշառակերության, կեղծ հարկային հայտարարագրերի ներկայացման և փողերի լվացման մեջ: Դատախազները պարզել էին, որ 2004 թվականի հունիսին նա պարբերաբար կաշառք է վերցրել գործարարներից՝ դրա դիմաց նրանց ապահովելով շահավետ գործարքներով: Գործով անցնում են նաև նրա 4 օգնականները:









































