Բեյսոնսեի և Jay-Z-ի այցը Կուբա, որը հարուցել է ամերիկացի կոնգրեսականների քննադատությունը, կազմակերպվել է ոչ թե զբոսաշրջային, այլ մշակութային նպատակներով, և համաձայնեցված է եղել ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով շրջագայության հանգամանքներին ծանոթ անանուն աղբյուրին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Բեյսոնսեն և Jay-Z-ն այցելել են տեղի երաժիշտներին և գիշերային ակումբներում մի քանի համերգների այցելել: Նրանք չեն հանդիպել Կուբայի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Երաժիշտները Հավանա էին ուղևորվել ապրիլի սկզբին՝ նշելու ամուսնության հնգամյակը: Չնայած այն բանին, որ նրանց այցի մասին նախապես չէր հաղորդվել, տեղեկությունը Կուբայում տարածվել է շատ արագ:
Ապրիլի 7-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Ֆլորիդա նահանգի անդամները ֆինանսների նախարարությունից պահանջել էին հետաքննել այցի հանգամանքները:
Կոնգրեսականները հիշեցրել էին Կուբայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների մասին, ըստ որոնց՝ արգելվում է ամերիկացիների այցը այդ երկիր՝ առանց նախապես ստացած թույլտվության, և այդ երկրի տարածքում գումար ծախսելը: Բացի այդ, օրենսդիրների կարծիքով՝ Կուբայի իշխանությունները կօգտագործեն հայտնի երաժիշտների այցը իրենց ռեժիմը քարոզելու համար:
Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թուլացրել է այցի սահմանափակումները գիտական, կրոնական և մշակութային նպատակներով:









































