Հնդիկ հայտնի քաղաքական գործիչ Ռաջիվ Գանդին 1970-ական թթ. հանդես է եկել որպես միջնորդ Saab-Scania շվեդական կոնցեռնի կործանիչները Հնդկաստան մատակարարելու բանակցություններում: Այս մասին հաղորդում է Hindu թերթը վկայակոչելով դիվանագիտական նամակագրությունը, որը հրապարակել է Wikileaks-ը:
«Շվեդիայի դեսպանատունը մեզ հաղորդել է, որ Viggen-ի հարցով (կործանիչներ.- 1in.am) շվեդների հետ գլխավոր հնդիկ «բանակցողը» եղել է տիկին Գանդիի ավագ որդին՝ Ռաջիվ Գանդին: Այն ամենը, ինչ նրան կապում է ավիացիայի հետ՝ դա նրա աշխատանքային փորձն է որպես օդաչու հնդկական քաղաքացիական ավիացիայում»,- ասվում է Նյու Դելիում ԱՄՆ-ի դեսպանատան փաստաթղթում, որը թվագրված է 1975թ. հոկտեմբերի 21-ով:
Մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ Saab-Scania-ն հասկանում է «ընտանեկան ազդեցության կարևորությունը» տենդերների հարցով որոշում կայացնելիս: Սակայն արդյունքում տենդերը շահում է SEPECAT Jaguar բրիտանական ինքնաթիռը, քանի որ ԱՄՆ-ը շվեդներին չի շնորհում Viggen-ի վրա տեղադրված շարժիչի արտահանման լիցենզիա և այս կերպ փաստացիորեն արգելափակում է դրա վաճառքը Դելիին:
Նշենք, որ Ռաջիվ Գանդին Հնդկաստանի կառավարությունը ղեկավարել է 1984-1989թթ.: Նախկին վարչապետը սպանվել է 1991թ. կին մահապարտ ահաբեկչի կողմից:











































