Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել 100 միլիարդ դոլարի մակարդակի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը։
Նրա խոսքով՝ Աքքույուի ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի նախագծերը պետք է դառնան երկու երկրների գործընկերության ֆլագմաններ: «Նպատակը 100 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությանը հասնելն է. այն լիովին մատչելի է, որովհետև մեր տնտեսությունները փոխլրացնող են և կարող են շատ բան անել։ Աքքույուի ատոմակայանի կամ «Թուրքական հոսքի» նախագծերը պետք է դառնան մեր առևտրային-տնտեսական կապերի քարշիչ ուժ»,- ասել է նա:
Մեշկովը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև շփումներ տեղի ունենան նոյեմբերին Անթալիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 31 միլիարդ դոլար, որից 25 միլիարդ դոլարը բաժին է ընկել Ռուսաստանից Թուրքիա արտահանմանը, իսկ 6 միլիարդ դոլարը՝ Թուրքիայից Ռուսաստան արտահանմանը։ Ռուսաստանը Թուրքիայի թիվ երկու առևտրային գործընկերն է Գերմանիայից հետո։










































