«Ժառանգության» երիտասարդ ակտիվիստները երեկ թռուցիկները պատռելու հանցագործության մասին հայտարարություն են տվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում: Yerkir.am-տեղեկացել է, որ փաստի առթիվ ոստիկանությունում քննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրության, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած և Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված` Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք, սակայ,ն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից:
Երիտասարդ ակտիվիստներին հաջողվել էր նկարահանել իրենց հետևող ավտոմեքենայի պետհամարանիշերը, իսկ րոպեներ անց հայտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղևորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք:









































