Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին տեղափոխել Կահիրեի բանտի հիվանդանոց: Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդ Ալ-Մագիդ Մահմուդը: Տեղեկությունը տարածել է Associated Press գործակալությունը:
Նա նշել է, որ Մուբարաքին բժշկական հետազոտության ենթարկելուց հետո նրա առողջական վիճակը համարվել է բավարար Շարմ Ալ-Շեյխից տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ի հրաժարականից հետո Մուբարաքի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Նա արդեն երկու շաբաթ է՝ գտնվում է կալանքի տակ Շարմ Ալ-Շեյխի հիվանանոցում, ուր նրան տեղափոխել էին հարցաքննությունից հետո սկսված սրտի նոպայից հետո: Մուբարաքի երկու որդիները նույնպես գտնվում են կալանքի տակ:












































