Ներկայումս ընթանում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ձևավորման գործընթացը, որը երկարաժամկետ հեռանկարում շահավետ և ձեռնտու կդառնա դրա բոլոր անդամների համար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուսաստանի Պետդումայում ելույթի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Մեկնաբանելով Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն և Անդրատլանտյան առևտրաներդրումային գործընկերություն միությունների (TTIP) ստեղծումը՝ Լավրովը նշել է, որ դրանք «ներկայացված են որպես փակ»: «Անդրխաղաղօվկիանոսյան միությունում ամերիկացիներն ընտրողաբար որոշել են անդամների շրջանակը: Ոչ ոքի՝ բացի նրանցից, ովքեր այնտեղ արդեն հրավիրված են, առայժմ չեն կանչում: Բանակցությունները տարվում են գաղտնի ռեժիմով,- նշել է Լավրովը:- Նրանց մասին չգիտեն ոչ միայն համապատասխան երկրների լայն հասարակությունը, այլև խոշոր ընկերությունները, որոնց ուղղակիորեն կվերաբերեն ապագա պայմանավորվածությունները»: «Մենք դա համարում ենք անցանկալի միտում, նույնիսկ վտանգավոր և ապակառուցողական՝ ունիվերսալ առևտրային համակարգին վնաս հասցնելու տեսանկյունից: Այո, ռիսկեր կան»,- ընդգծել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ում «ձևավորման գործընթաց է ընթանում»: «Բոլորը վստահ են, որ երկարաժամկետ առումով դա շահավետ և ձեռնտու նախագիծ է բոլորի համար: Հիմա կարելի է խոսել աշխատանքներն սկսելու պայմանավորվածության մասին՝ կապված Չինաստանի կողմից խթանվող «Տնտեսական գոտի մետաքսի ճանապարհ» նախագծին եվրասիական ինտեգրումը զուգակցելու հետ,- ասել է Լավրովը:- Ի դեպ, Չինաստանը TTIP հրավիրված չէ: Դա ևս խոսում է այդ նախագծի նախաձեռնողների գաղափարների մասին, որոնք ներառում են Չինաստանի հետ հակամարտությունը, նրան զսպելու փորձը»:











































