Իրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքներն առ այն, որ նոր բալիստիկ «Իմադ» հրթիռի փորձարկումը Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջուկային համաձայնագրի խախտում է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆղամը։
«Իրանի կողմից հրթիռի փորձարկումը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի խախտում չէ, քանի որ համաձայնագիրն առնչություն չունի Իրանի պաշտպանական հզորության հետ, այդ թվում՝ երկրի հրթիռային ներուժի»,- ասել է նա FARS գործակալությանը տված հարցազրույցում։ «Իրանական հրթիռի փորձակումը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին կապելը միանգամայն սխալ է»,- հավելել է նա։
Աֆղամը հիշեցրել է, որ 2015-ի հուլիսի 20-ի ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևն արգելք է պարունակում միջուկային մարտագլխիկների համար ստեղծված հրթիռների վրա։ Սակայն նա նշել է, որ ի սկզբանե իրանական բալիստիկ հրթիռները ստեղծվել են ոչ այդ նպատակների համար, այդ իսկ պատճառով չեն կարող հատնվել այդ բանաձևի ներքո։








































