Ներքաղաքական բովանդակությունը ստվերել է այն խնդիրները, որ անմիջականորեն կապված են Երևանի կառավարման հետ, և որոնք պետք է որ հանդիսանային Ավագանու ընտրությունների հիմնական թեման: Մյուս կողմից սակայն, հաշվի առնելով Հայաստանում քաղաքական համակարգի անկատարությունը, շարունակական ընտրակեղծիքների պրակտիկան, նաև հասարակության և իշխանությունների միջև անվստահության հսկայական ամբարտակի գոյությունը` զարմանալի չէ, որ հանրապետության կեսից ավելին հանդիսացող Երևանի ընտրություններում առաջնայինը դիտվում է ներքաղաքական ասպեկտը:
Եթե բուն ներքաղաքական ասպեկտին համապատասխանող խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում հասարակությանն ու քաղաքական ուժերին հաջողվեր իրացնել իրենց գործառույթները, ապա նրանք ամենևին հարկ չէին համարի, ստիպված չէին լինի այդ իրացման հնարավորությունները փնտրել Երևանի ավագանու ընտրություններում: Սակայն, սրան զուգահեռ, իհարկե լավագույն տարբերակը կլիներ այդ խնդիրներին զուգահեռ առաջ մղել նաև Երևանի անմիջական կառավարման խնդիրները: Այստեղ կա մի բավական հետաքրքրական հանգամանք:
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր խոսում են Երևանի մասին, հայտարարում այն մասին, որ Երևանին պետք է լիովին այլ քաղաքապետ, այս տարիների ընթացքում, ըստ էության, որևէ անգամ չեն փորձել երևանյան իրականությունը դարձնել իրենց քաղաքական գործունեության թեմա: Մասնավորապես` Երևանի ավագանիում եղել է ԲՀԿ խմբակցությունը, որը սակայն կարծես թե ոչ մի անգամ չի փորձել հանրային հարց դարձնել Տարոն Մարգարյանի կառավարման որևէ մի դրվագ, որն արժանի էր հասարակական ընդդիմախոսության, որը պետք էր կանխարգելել: Այսինքն` եթե դատելու լինենք ԲՀԿ Երևանի ավագանու խմբակցության գործունեությունից, ապա ըստ էության կպարզվի, որ Տ. Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում ոչ մի էական բացթողում թույլ չի տվել, որ հարկ կլիներ դարձնել հրապարակային քննարկման առարկա: ԲՀԿ խմբակցությունը, բնականաբար, չէր կարող իր քվեարկությամբ որևէ բան փոխել, քանի որ ՀՀԿ-ն Երևանի ավագանիում էլ մեծամասնություն էր, սակայն առավել ևս այդ դեպքում պետք էր դիմել հասարակությանը, որևէ մի հարցում աղմուկ բարձրացնել, փորձել միավորել հասարակական կարծիքը, գլխավորել այն, այդ միջոցով ճնշում բանեցնել և փոխել ՀՀԿ մեծամասնության այս կամ այն կամայական որոշումը, ազդել Տ. Մարգարյանի վրա: Սակայն ԲՀԿ-ն սա չի արել:
Միգուցե ԲՀԿ-ն առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ միևնույն է, եթե երկրում կենտրոնական իշխանությունը ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունն է, ապա իմաստ չունի որևէ քայլերի դիմել քաղաքային կառավարման ուղղությամբ: Սակայն այդ մոտեցումը սխալ է, հատկապես այնպիսի կուսակցության պարագայում, ինչպիսին ԲՀԿ-ն է իր հավակնություններով: ԲՀԿ-ն ռեսուրսների սղության խնդիր չունի և պետք է ի զորու լիներ միաժամանակ գործառույթներ իրականացնել և՛ այս, և՛ այն ուղղությամբ, և՛ կենտրոնական, և՛ տարածքային դաշտում: Սակայն Երևանի պարագայում ԲՀԿ-ն պասիվ է եղել, ինչը նշանակում է, որ ինչ-ինչ պատճառներով կամ չեն փորձել հակադրվել Տ. Մարգարյանին և ՀՀԿ-ին ու ներկայումս էլ ընդամենը հերթական նախընտրական խաղի մեջ են, կամ էլ համարել են, որ Տ. Մարգարյանը կամ նրանից առաջ եղած երկու քաղաքապետերը չեն արել այնպիսի մի բան, որի համար արժեր հանրային բողոք բարձրացնել:
ԲՀԿ-ից ավելի թույլ հնարավորություններ ունեցող ուժերն էլ Երևանն անտեսել են, այսինքն` Երևանը չի եղել նրանց համակարգային պայքարի մաս, այլ տեղ է գրավել պայքարում ընդամենը դրվագային տրամաբանությամբ: Թեև ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և հատկապես «Ժառանգության» ներկայացուցիչներն, իհարկե, մասնակցություն ունեցել են երևանյան այս կամ այն խնդրի կապակցությամբ հանրային բողոքներին, բայց որպես քաղաքական ուժ, այդ միավորները Երևանը չեն դարձրել իրենց գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Մինչդեռ, եթե ներկայումս նրանք հայտարարում են, որ Երևանը Հայաստանի կեսն է, ապա երևի թե տրամաբանական կլիներ, որ նաև լիներ իրենց գործունեության կեսը միշտ, ոչ թե ընտրությունից ընտրություն:
Ի վերջո, Երևանի ընտրությունները կավարտվեն և ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն այս անգամ էլ կգրանցի այնպիսի արդյունքներ, որոնք իրեն է պետք, ոչ թե արտահայտվել են հասարակության քվեով: Բայց դրանից հետո կյանքը չպետք է կանգ առնի, և Երևանը կրկին անցնի հետին պլան, քաղաքական, այսպես ասած, չհաղթած ուժերի համար ընտրությունների արդյունքները դարձնելով ընդամենը հերթական քաղաքական ռաունդի մի մասը: Թեև ներկայիս քաղաքական ուժերից շատ դժվար է համարժեքություն ակնկալել այս հարցում, որովհետև եթե նրանք այդ բանը չեն արել մինչև այսօր, ապա ինչու պետք է անեն սրանից հետոª առավել ևս, եթե քաղաքականությամբ զբաղվելով հետապնդում են խնդիրներ, որոնք ոչ մի կապ չունեն հասարակական շահերի հետ:
Երևանի հույսը ակտիվ քաղաքացիներն են, որոնք պայքարեցին Մաշտոցի պուրակի համար, որոնք պայքարում են բակերի ու կանաչ տարածքների համար, որոնք պայքարում են ճարտարապետական կառույցների համար: Այս ճակատն, իհարկե, դեռևս շատ հեռու է Երևանի խնդիրների համար արդյունավետ պայքարից, որովհետև արդյունավետ նախաձեռնությունները ավելի քիչ են, քան այն քայլերը, որոնք գոնե առայժմ չեն հանգեցրել որևէ արդյունքի: Բայց այստեղ գոնե կան հաջողված քայլեր` ի տարբերություն քաղաքական ուժերի, որոնք ընդամենը կարող են այդ քայլերի հետևում փնտրել այս կամ այն ականջը կամ պատվերը: Նրանց պատկերացումներն ավելիին չեն ձգում:









































